Մատչելիության հղումներ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, ապաքինվել է 27 մարդ, մահացել՝ 1-ը


Այսօր Կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել՝ 311 թեստավորումից, հիվանդանոցում է 758 քաղաքացի, նրանց 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի։ Ապաքինվել է 27 մարդ, բուժվածների ընդհանուր թիվն այս պահին 114 է։

Հոսպիտալացվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մահացել է մեկ մարդ: 93-ամյա քաղաքացին ունեցել է ուղեկցվող հիվանդություններ, այդ թվում՝ քաղցկեղ։

Տեղեկությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջից են, նա նաև նշել է՝ եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի տարածման պիկը հաղթահարել ենք, և այն եղել է մարտի 31-ին ու ապրիլի 1-ին:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում 881 քաղաքացի վարակված է նոր կորոնավիրուսով, 9 մարդ մահացել է։

Կարգապահ ու պատասխանատու լինելու և միմյանց օգնելու հորդորով քաղաքացիներին է դիմել փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պետական համակարգն ուժերի գերլարումով է աշխատում, որպեսզի ապահովվի բոլորի առողջությունն ու անվտանգությունը:

«Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու և կարգապահ, մնացեք տանը, հետևեք հիգիենայի կանոններին: Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն», - ասաց փոխվարչապետը:

Օգտատերերին նախնական բժշկական թեստավորում անցնելու հնարավորություն ընձեռնող «Հայկական Covid-19 Armenia» հավելվածն արդեն 40 հազար բեռնում ունի, տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։ Հավելվածի հարցերին պատասխանելուց հետո 1500 հոգի հայտնվել է ռիսկային համարվող կարմիր գոտում, նրանցից 31-ին առաջարկվել է թեստ հանձնել, սակայն թեստավորվել են 12-ը, որոնցից 8-ի թեստի պատասխանները բացասական են եղել, 4-ինը՝ դրական։

«Այն քաղաքացիները, որոնց մոտ ախտորոշվում է հնարավոր կասկած, այդ տվյալները փոխանցվում են մեր պարետատանը գործող մեկ այլ ստորաբաժանմանը, որոնք Առողջապահության նախարարության աշխատակիցներն են, զանգահարում են, հարցազրույցի միջոցով պարզում՝ արդյոք դա իրական է, թե մարդը պատահական կամ ուղղակի փորձել է բոլոր ախտանիշները ցուց տալ: Եթե ի հայտ է գալիս, որ իրոք տվյալ անձի մոտ առկա են ախտանիշներ, ապա տվյալները փոխանցվում է արդեն Առողջապահության նախարարություն՝ թեստավորում իրականացնելու համար», - նշեց Բադալյանը:

Նորոգվել է թոքերի արհեստական օդափոխման 10 սարք

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան, 8-ը ապրիլի, 2020թ.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան, 8-ը ապրիլի, 2020թ.

Կորոնավիրուսով վարակված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին անհրաժեշտ է լինում թոքերի արհեստական օդափոխության սարք միացնել։ Աշխարհում այս սարքավորումների խիստ դեֆիցիտ կա։ Թեև Առողջապահության նախարարությունը պնդում է, որ Հայաստանն այս պահին ապահովված է այսպիսի սարքերով՝ երկրում կա 334 սարք, որից ավելի քան 55-ն առանձնացված է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար, այդուհանդերձ առաջիկա օրերին ևս 100 սարք կներկրվի Չինաստանից։

Սրանից բացի նորոգվել է թոքերի արհեստական օդափոխման 10 սարք, տեղեկացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք դա տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում: Մենք ամեն օր էլի զանգեր ու նամակներ ենք ստանում այս կամ այն տեղում դուրս գրված կամ որևէ մեկի տանը կամ որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք «Ինժեներական քաղաքին», որն իրենք վերանորոգում են և բերում են աշխատանքային վիճակի», - նշեց Հակոբ Արշակյանը:

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված լաբորատորիան կարող է իրականացնել օրական 100 թեստավորում

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփայանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը։

Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և նմուշառման համակարգով։ Ըստ խոսնակի՝ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

«Տվյալ լաբորատորին թույլ է տալիս իրականացնել օրական 100 թեստավորում: Նշված կոմպլեքսը հնարավորության ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին միջամտության կատարել առաջադրված խնդիրը: այսօր COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան արդեն բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունել առաջին նմուշները: Այդ համակարգը թույլ է տալիս 5 ժամվա ընթացքում 99 տոկոս ճշգրտությամբ թեստի պատասխանը տալ: Նմուշառումը կկատարեն մեր Զինված ուժերի բժիշկները, իսկ հետազոտությունը կկատարեն ռուս մասնագետները», - ասաց Ստեփանյանը:

XS
SM
MD
LG