Էկոնոմիկային փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօր տեղեկացրեց, որ երեք ամսով՝ մինչև հուլիսի 30-ը, արգելվում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքից դուրս։
«Կուզենամ նշել, որ այս սահմանափակումը երեք ամիս ժամկետով է, բայց սահմանափակումը գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս», - հավելեց փոխնախարարը։
Ապրիլի 1-ից ուժի մեջ մտած այս արգելքը չի տարածվի որպես մարդասիրական օգնություն իրականացվող բեռնափոխադրումների վրա․ - «Եթե մենք ունենք համապատասխան ապրանքից, որը արգելված է ցանկում, բայց հումանիտար ձևով կարող ենք արտահանել որևէ երրորդ երկիր և օգնել մեր գործընկեր երկրներին»։
Միևնույն ժամանակ, երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը երեք ամսով կզրոյացվեն․ - «Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար և մի շարք այլ ապրանքատեսակների մասին, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք իրականացվի զրոյական մաքսատուրքով»։
Կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Վարոս Սիմոնյանն անդրադարձավ որոշ ապրանքների թանկացումների մասին շրջանառվող լուրերին՝ վստահեցնելով, թե շուկան վերահսկվում է․ - «Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ և այլ կառույցներ նույնպես, որոնք ներգրավված են, շուկայի վերահսկողական մարմին իր մասով է դիտարկում»։
Փոխնախարարը վստահեցրեց, թե Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների չբացառվող բարձրացումը։