Մատչելիության հղումներ

Վանաձորում թանկացել է հացը


Վանաձորում հաց արտադրող ընկերությունների մեծ մասը հացը 20 դրամով թանկացրել է։ 550 գրամանոց հացը նախկին 180-ի փոխարեն վաճառվում է 200 դրամով։

Վանաձորում հացի սպառման շուկայի ավելի քան 50 տոկոսն ապահովում է «Մատինյան նշխար ընկերությունը», որը նաև ալյուր է ներկրում Ռուսաստանից։ Ընկերության սեփականատեր Նահապետ Մխիթարյանն ասում է, որ վերջին 10 օրերին իրենց ռուսաստանցի գործընկերներից անընդհատ զգուշացումներ են ստացել ալյուրի թանկացման մասին։ Դեռ մի քանի օր առաջ մեկ բեռնատար ալյուրի համար 500 հազար դրամ ավելի են վճարել․ - «Էսօր էլ մեր գործընկերներին նամակ ենք ուղարկել, պատասխանել են, որ ամեն օր թանկանում է»։

Այսօր հերթական ծանուցումն են ստացել, թե «գները կանգնած չեն իրենց տեղում, օրեցօր են աճում»։

Մխիթարյանն ասում է, որ Ռուսաստանի ալյուր իրացնող ընկերությունները գների բարձրացումը պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ, ինչպես նաև կորոնավիրուսով պայմանավորված ցորենի ու ալյուրի մեծ քանակներով սպառման հետ։ Ռուսաստանում, նրա խոսքով, ցորենի դեֆիցիտ է ստեղծվել․ - «Չեն հասցնում ալյուր արտադրեն, որովհետև ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես Ստավրոպոլսի կրայից մեծ պաշարներ է տանում դեպի Մոսկվա, Լենինգրադ, էն մնացած տեղերը։ Ու պատճառաբանում ա, որ էնտեղ էլ ա սուղ պայմանները։ 12 օր առաջ պետք ա դա թանկանար, ուղղակի որ մենք էժան ալյուր ունեինք 12 օրվա, մենք ամեն ինչ արել ենք, որ էդ 12 օրը հին գնո սպասարկվի, մինչև նոր ալյուրը կմտնի։ Նոր ալյուրը մտել ա արդեն մեծ տարբերությամբ»։

Հաց արտադրող ընկերության սեփականատերը նշում է, որ թանկացման հետ նաև Ռուսաստանից ալյուրը Հայաստան տեղափոխելու ծախսերն են կրկնապատկվել։ Կարանտինի հետ կապված սահմանային անցակետերում դժվարություններ են առաջացել ալյուր ներկրողների համար։ Բեռները նախկին 5-10 օրվա փոխարեն մեկ ամսում են տեղ հասնում։

Սամվել Անանյանը Վանաձորի մեկ այլ հաց արտադրող ընկերության սեփականատեր է։ Ալյուր հիմնականում ձեռք է բերում Վանաձորում գործող երկու ալրաղացներից։ Այստեղ ևս հացը 20 դրամով թանկացրել են․ - «Կոնկրետ ալյուրը էսօրվա վիճակով արդեն հասել է 11 հազար 850 դրամի, մոտավորապես 2 հազար դրամով թանկացել ա»։

Վանաձորում մեծածախ վաճառքի կետերում մեկ պարկ ալյուրի գինը վերջին մեկ շաբաթում բարձրացել է 1000-1800 դրամով։ Վաճառողներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, նույնպես թանկացումը կապեց Ռուսաստանի հետ․ - «Սա լրիվ դոլարի հաշվին ա, սա լրիվ Ռուսաստանում թանկանալու հաշվին ա»։

Վանաձորում գործող երկու ալրաղացներից մեկի սեփականատեր Արտակ Մարուքյանն արդեն 10 օր դադարեցրել է ալյուրի արտադրությունը։ Ասում է, որ Ռուսաստանում ցորենի գնի բարձրացումն մի կողմից, ճանապարհներին առաջացած խնդիրները մյուս կողմից դժվարացրել են իրենց գործը․ - «Ամեն բերելուց էնտեղ ցորենի գին ա բարձրացած լինում»։

Հաց արտադրողները նշում են նաև, որ այս բոլոր խնդիրների հետ 30-35 տոկոսով նվազել են իրենց սպառման ծավալները, քանի որ սպառողներից շատերն ալյուր են գնել ու տանն են հաց թխում։

Նշենք, որ Լոռու մարզի մյուս համայնքներում հացի թանկացում դեռ չի նկատվել։ Ալավերդիում հաց արտադրողներն ասացին, որ դեռևս էժան գնով ձեռք բերած ալյուր ունեն, որի հաշվին կարողանում են հացի գինը պահել նույն մակարդակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG