Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը աճել է 52-ով` հասնելով 822-ի


Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 52-ով՝ հասնելով 822-ի: Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Ըստ նույն աղբյուրի՝ բացասական են եղել 3 հազար 844 թեստերի արդյունքները: Փաստացի բուժվում է 758 քաղաքացի, ապաքինվել են 57-ը:

Երեկ ԱՆ խոսնակը տեղեկացրել էր, որ վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։

Մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 7 հոգի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում հերթական անգամ նշել է՝ վարակակիրների մեծ մասը լավ վիճակում է, գրեթե բուժում չի ստանում:

«Մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են, և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի», - ասել է վարչապետը:

Առողջապահության նախարարությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային։

XS
SM
MD
LG