Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 24-ինը՝ կայուն ծանր. ԱՆ խոսնակ


Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 34-ով՝ հասնելով 770-ի: Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ բացասական են եղել 3 հազար 477 թեստերի արդյունքները:

Մինչև այս պահը կորոնավիրուսից ապաքինվել է 43 մարդ, մահացել՝ 7-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 720 մարդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում հերթական անգամ նշել է՝ վարակակիրների մեծ մասը լավ վիճակում է, գրեթե բուժում չի ստանում:

«Մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության, որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի, բայց այնուամենայնիվ նրանք վարակակիրներ են, և նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի», - ասել է վարչապետը:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը քիչ առաջ հայտնեց, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։

«Նրանցից երեքին է միացված թոքերի արհեստական օդափոխության սարք, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ քաղաքացի ունենք, իսկ մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում եմ կայուն ծանր», - նշեց ԱՆ խոսնակը:

Այսօր ավելի վաղ էլ վաղ Նիկողոյսանը մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել, որը վերաբերում է երեկ տեղի ունեցածին, երբ շտապօգնության մեքենան հատուկ կարանտինային գոտուց երեք հիվանդի տեղափոխելիս վթարի է ենթարկվել։ Վթարի հետևանքով պացիենտներից երկուսը չունեն վնասվածքներ, միայն մեկի մոտ առկա են թեթև վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում անցնում է հետազոտություններ։ Հիշեցնենք՝ սա կորոնավիրուսի բուժման համար առանձնացված 9 բուժհաստատություններից մեկն է։

Ի դեպ, երեկ երեկոյան ուղիղ եթերով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց էր կատարել մեկ այլ հաստատությունով՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի 42 սենյակներով նորակառույց մոդուլով: Տեղեկություններ հայտնեց ոչ միայն հիվանդների մասին, այլև նոր ստեղծված հաստատության պայմանները ներկայացրեց:

«Որպես օրինակ հիմա մտնում եմ մի սենյակ, տիպային սենյակ, հեռուստացույցով, դռնով, որը դրսից է փաստորեն, այսինքն՝ պացիենտը մտնելու է այստեղից, որպեսզի չշփվի այլ պացիենտների հետ», - նշեց Թորոսյանը:

Առողջապահության նախարարությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային։

Զուգահեռաբար՝ Ոստիկանությունն այսօր իրազեկող տեսանյութ է հրապարակել պարետի որոշմամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների, կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումների վերաբերյալ։ Այդուհանդերձ, կարգազանցներ դեռ կան։

Քիչ առաջ Ոստիկանությունը հայտարարեց, որ ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը արտակարգ դրության սահմանած կանոնները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 4-ի ժամը 9-ը՝ 5665 անձի նկատմամբ, 2441-ը՝ մայրաքաղաքում, 3224-ը՝ մարզերում։

XS
SM
MD
LG