Հայաստանի բժշկական 9 հաստատություններ այս պահին զբաղվում են միայն կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժմամբ։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ խոսքը Նորքի ինֆեկոցիոն հիվանդանոցի, Նորք-Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտի, Ոստիկանության հոսպիտալի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքի, Արտաշատի, Կապանի բժշկական կենտրոնների, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցների մասին է։
Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվի մեծացումը, որոշում է կայացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը նույնպես հատկացնել կորոնավիրուսով հիվանդներին։ Այդ նպատակով հիվանդանոցն այսօր կազատվի այնտեղ բուժում ստացող պացիենտներից․ - «Հայաստանի Հանրապետության ամենամեծ բժշկական կենտրոնը նույնպես պետք է զբաղվի այդ խնդրով։ Դա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կծավալվի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը»։
Մեր այցելության պահին արդեն տասնյակ շտապօգնության մեքենաներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հիվանդներին, նաև ծանր վիճակում գտնվողներին, տեղափոխում էին տարբեր բժշկական հաստատություններ՝ «Էրեբունի», «Նաիրի» և «Աստղիկ»։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել, թե որ հիվանդին որ կենտրոն պետք է տեղափոխել։
Ի դեպ, կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու է միայն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հիվանդանոցը, ծննդատունը, ինչպես նաև մանկական և մեծահասկաների պոլիկլինիկաններ շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը։
«Այսօրվա ընթացքում մենք բոլոր հիվանդներին կտեղափոխենք այլ բժշկական հաստատություններ։ Ովքեր դուրս գրվելու ենթակա են, դուրս կգրվեն։ Այսօր կավարտենք և վաղվանից պատրաստ կլինենք հիվանդներ ընդունելու», - փոխանցեց Մանուկյանը՝ հավելելով․ - «Հիվանդանոցը այսօրվա դրությամբ կունենա հնարավորություն շուրջ 400 հիվանդի բուժսպասարկում իրականացնելու համար՝ ներառյալ վերակենդանացման ծառայությունը»։
Հիվանդանոցներից բացի, կառավարությունը նաև տարբեր մեծ տարածքներ ունեցող հաստատություններում մահճակալներ է տեղադրում։ Ինչպես տեղեկացրեց Առողջապահության նախարարը, Մարզահամերգային համալրից բացի, Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ․ - «Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնացված են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների միջին ծանրության հիվանդների համար, գուցե նաև ծանր պացիենտների համար։ Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, և դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Ավելին, տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև, ինչպես շատ երկրներում, երբ որ հնարավոր է ընդհանրապես հիվանդանոցներում, մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար։ Հենց դրանով է կարևոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը դա թույլ չտալու համար»։
Թորոսյանն այսօր տեղեկացրեց նաև, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տարածքում 42 սպասասենյակ ունեցող մոդուլ են կառուցել, որը կծառայի ախտորոշման սպասող պացիենտներին։ Այդ ենթակառուցվածքներն ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր։