Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի համաճարակի տեմպերն աշխարհում առայժմ չեն դանդաղում


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Նյու Յորք, 1-ը ապրիլի, 2020թ.
ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են հիվանդանոց, Նյու Յորք, 1-ը ապրիլի, 2020թ.

«Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը այս պահին գերազանցում է 900 հազարը, համաճարակի հետևանքով մահացել է ավելի քան 46 հազար մարդ», - տարբեր պետություններից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը համադրելով՝ հաղորդում է Reuters գործակալությունը, հավելելով, որ վերջին 24 ժամերին վարակակիրների թիվն աշխարհում աճել է շուրջ 85 հազարով, իսկ զոհերինը` ավելի քան 4 հազար 800-ով: Նույն աղբյուրի համաձայն՝ մինչ այս պահը ապաքինվածների ընդհանուր թիվը 200 հազարի է մոտենում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի տեմպերն աշխարհում առայժմ չեն դանդաղում, և կանխատեսումները շատ հեռու են լավատեսական լինելուց:

«Վերջին մեկ շաբաթում զոհերի թիվն ավելի քան կրկնապատկվել է: Առաջիկա մի քանի օրերին մենք կհասնենք կորոնավիրուսի 1 միլիոն հաստատված դեպքերի և 50 հազար մահացությունների ցուցանիշին», - չորեքշաբթի երեկոյան Ժնևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Այս պահի դրությամբ, կորոնավիրուսից մահերի ավելի քան 60 տոկոսը` 28 հազարը, արձանագրվել է եվրոպական չորս պետություններում՝ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:

Իտալիայում, որտեղ կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 13 հազար մարդ է մահացել, կարանտինային հատուկ միջոցառումների ժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 13-ը: Համաճարակի եվրոպական էպիկենտրոն հանդիսացող այս երկրում մեկ օրում կորոնավիրուսի 4 հազար 700 նոր դեպքեր են հաստատվել:

Իսպանիայում ևս իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Վերջին 24 ժամերին երկիրը նոր հակառեկորդ սահմանեց: «Կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ օրում ավելացել են 950-ով», - հաղորդում է Իսպանիայի առողջապահության նախարարությունը:

Մեծ Բրիտանիայում ևս համաճարակաբանական իրադրությունը գնալով սրվում է: Նախորդ շաբաթվանից կորոնավիրուսից բուժվող վարչապետ Բորիս Ջոնսոնը հայրենակիցներին անցած գիշեր հատուկ ուղերձով դիմեց` նոր տվյալներ հաղորդելով համաճարակի դեմ պայքարի մասին:

«Սա տխուր, տխուր մի օր էր: Մեկ օրում բրիտանական հիվանդանոցներում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն աճեց 563-ով: Կասկած չկա, սակայն, որ եթե մենք կարողանանք հետևել մեր իսկ սահմանած միջոցներին, միասնաբար կատարենք նախանշված քայլերը, այդ ցուցանիշները կդադարեն աճել, ապա և կնվազեն», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Կորոնավիրուսի տարածման ևս մեկ եվրոպական օջախում` Ֆրանսիայում, որտեղ 4 հազար զոհ կա, առողջապահական համակարգը դժվարությամբ է կարողանում վերահսկել իրավիճակը:

«Ավելի քան 6 հազար հիվանդներ այժմ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, և սա այն դեպքում, երբ Ֆրանսիայում գործող բոլոր հիվանդանոցների բոլոր վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների համար նախատեսված տեղերի թվաքանակը չի գերազանցում 5 հազարը», - Փարիզում ասուլիսի ժամանակ նշում էր Սոցիալական ապահովության և առողջապահության նախարարության կազմում գործող Առողջապահության գլխավոր գործակալության տնօրեն Ժերոմ Սոլոմոնը:

Եվրոպական միակ խոշոր պետությունը, որտեղ իրադրությունը զգալիորեն տարբերվում է մյուսներից, Գերմանիան է: Համաճարակաբանական իրավիճակն այստեղ ևս բավական բարդ է, երկրի տարածքում շուրջ 78 հազար վարակակիր կա, բայց և այնպես, Գերմանիայի առողջապահական համակարգին առայժմ հաջողվում է վերահսկել իրավիճակը: Դրա ամենավառ ապացույցը մահացությունների ցուցանիշն է: Թեև կորոնավիրուսից մահացածների թիվը Գերմանիայում նույնպես քիչ չէ` ավելի քան 900 դեպք, այնուհանդերձ, գերմանացիներն այս ցուցանիշով 15 անգամ զիջում են Իտալիային և գրեթե 10 անգամ՝ Իսպանիային:

Ասիայում կորոնավիրուսի գլխավոր էպիկենտրոն է շարունակում մնալ Իրանը: Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, ապա այստեղ համաճարակի ծավալման տեմպերը զգալիորեն նվազել են: Չնայած դրան, թվային ցուցանիշները շարունակում են խիստ տպավորիչ մնալ՝ 48 հազար վարակակիր, ավելի քան 3 հազար զոհ:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ծագման օջախին` Չինաստանին, ապա պաշտոնական Պեկինը պնդում է, որ համաճարակը գրեթե ամբողջությամբ հաղթահարված է: Վերջին 24 ժամերին Չինաստանի ողջ տարածքում կորոնավիրուսով վարակման 35 և մահվան 6 դեպք է արձանագրվել:

XS
SM
MD
LG