Մատչելիության հղումներ

«Առաջիկա օրերին կլինեն ավելի մեծ թվով դուրսգրումներ». Առողջապահության նախարարի խոսնակ


Առաջիկա օրերին Չինաստանից Հայաստան կբերվեն 100 թոքերի օդափոխության սարք և 60 հազար կորոնավիրուսի թեստ։

Ինչպես տեղեկացանք Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանից, Հայաստանում եղած 300-ից ավելի թոքերի արհեստական օդափոխության սարքերից 41-ը տրամադրվել է կորոնավիրուսով հիվանդներին, ժամանող հարյուր նոր սարքերը կգումարվեն դրանց։

Մինչև նոր թեստերի Հայաստան հասնելը, ըստ Նիկողոսյանի, պահեստներում առկա է մոտ յոթ հազար թեստ, որոնք օգտագործվում են բժիշկների ցուցումով ըստ անհրաժեշտության։

Հարցին, թե արդյոք երկրի տարբեր բժշկական հաստատություններում բուժվող և թոքաբորբ ունեցող բոլոր հիվանդներն են անցնում կորոնավիրուսի թեստ, Նիկողոսյանը պատասխանեց․ - «Քանի դեռ բժշկի ցուցում չկա, թեստավորում չի կատարվում։ Բայց դա դեռ չի նշանակում, որ թեստերը խնայվում են։ Մենք օրական 170-200 թեստ ենք անում։ Ասել, որ թեստերը խնայվում են, ճիշտ չէ։ Ուղղակի մարդիկ գուցե չգիտեն, որ թեստը դրվում է միայն բժշկի ցուցումով։ Եվ եթե բժիշկը թոքաբորբով հիվանդի մոտ նկատի որևէ կասկածներ, անպայման նրանից նմուշ կվերցնի և կուղարկի Նորքի ինֆեկցիոն, եթե ինքն այդ պահին այլ բժշկական հաստատությունում է»։

Մինչև օրս թեստերով հաստատված վարակված 571 մարդուց 31-ը բուժվել ու դուրս է գրվել։ Սակայն 14 օր առաջ՝ մարտի 18-ին, կար արդեն 110 հիվանդ։

Հարցին, թե արդյո՞ք շատերի մոտ բարդացում է նկատվել, ու այդ պատճառով նրանց ցայսօր դուրս չեն գրել, Առողջապահության նախարարության խոսնակը պատասխանեց․ - «Բարդացում իհարկե չի գնում։ Այն հիվանդները, որոնց 14 օրը անցնում է, արդեն մենք սպասում ենք դրական արդյունքների, որպեսզի ունենանք դուրսգրումներ։ Կրկնակի թեստավորման փուլում են գտնվում, և առաջիկայում, ինձ թվում է, որ արդեն կունենանք լավացումներ»։

Ավելի քան 14 օր առաջ կորոնավիրուսով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածներից շատերը, Նիկողոսյանի վստահեցմամբ, շուտով դուրս կգրվեն․ - «Երեք դեպք, օրինակ, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք։ Դա ևս դրական արդյունք է մեզ համար»։

Թեև Առողջապահության նախարարությունում գերակշռում է լավատեսությունը՝ վարակի տարածման տեմպը կոտրելու առումով, այնուամենայնիվ, Կառավարությունը պատրաստվում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների ամենատարբեր սցենարների։

Երեկ լրատվամիջոցներում ու սոցցանցերում կայծակնային արագությամբ տարածվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճեմասրահի լուսանկարները՝ կահավորված մահճակալներով։ Վարչապետի խոսնակը շտապեց տեղեկացնել․ - «Ցանկանում ենք շեշտել, որ համալիրն այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

Արդեն այսօր Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից տեղեկացանք, որ մարզերում նույնպես կան առանձնացված դահլիճներ, որոնք այս պահին կահավորված չեն, բայց եթե անհրաժեշտություն լինի, կկահավորվեն։

XS
SM
MD
LG