Մատչելիության հղումներ

ՌԴ Պետդուման խստացնում է կարանտինի խախտման համար պատիժ նախատեսող օրենքները


Պաշտոնական տվյալներով, անցած օրվա ընթացքում Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 500 դեպք է արձանագրվել։ Վարակվածների ընդհանուր թիվը, այսօրվա դրությամբ, 2337-ն է։

Ինչպես նախկինում, նոր դեպքերի մեծ մասը՝ 387-ը, արձանագրվել է Մոսկվայում, որտեղ երեկվանից քաղաքապետի որոշմամբ ըստ էության կարանտին է հայտարարված։ Տնից դուրս գալու արգելքը շատերի մոտ իրավական առումով հարցեր է առաջացնում, քանի որ մայրաքաղաքում արտակարգ դրություն չի հայտարարվել։ Քաղաքային տրանսպորտը, մասնավորապես մետրոն աշխատում է առանց սահմանափակումների։ Կարատինի կանոները խախտելու համար տուգանքի չափը դեռևս հայտնի չէ, քանի որ փաստաթուղթը մշակման փուլում է։ Հայտնի է, որ մոսկվացիները ամեն անգամ տնից դուրս գալուց առաջ քաղաքապետարանի կայքում պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեմ ու QR կոդով ստանան տնից դուրս գալու համար պարտադիր անցաթուղթը։ Հակառակ դեպքում քաղաքացիներին սպառնում է տուգանք, որի գումարի չափը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության մեխանիզմը, դեռևս պարզ չէ։

Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում բարձրացել է նաև մահացության ցուցանիշը՝ մահացել է 8 մարդ (որոնցից 5-ը՝ Մոսկվայում)։ Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 17 մարդ։

Պետդուման այսօր ընդունել է մի շարք օրենքներ, որոնցով պատժամիջոցներ են նախատեսվում կարանտինը խախտողների նկատմամբ՝ տուգանքներից մինչև 7 տարվա ազատազրկում։ Բայց սա վերաբերում է պաշտոնապես կարանտինի մեջ գտնվողներին, ինքնամեկուսացած մոսկվացիներին, օրինակ, սա չի վերաբերում։

Իրականում այս առումով երկրում իրավական խառնաշփոթ է, սակայն երեկվանից Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցներն իսկապես դատարկ էին, գուցեև այն պատճառով, որ Մոսկվայում գրեթե ձմեռային եղանակ է։

Պետդումայում ընդունված օրենքի մեկ այլ դրույթով պատիժ է նախատեսված կորոնավիրուսի մասին կեղծ լուրեր տարածելու համար՝ մինչև 5 տարվա ազատազրկում։

Երեկ, մի քանի օրվա լռությունից հետո, նախագահ Պուտինը ուղերձով դիմել էր ռուսաստանցիներին։ Նա տեղին էր որակել Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունների փաստացի համընդհանուր կարանտին հայտարարելու որոշումը։

Երկրում իրավական խառնաշփոթը բարդացրել է նաև միգրանտների վիճակը։ Անցած տարվա տվյալներով, Ռուսաստանում հաշվառված էր շուրջ 480 հազար հայաստանցի աշխատանքային միգրանտ։ Հայաստանցի ապօրինի միգրանտների մասին հստակ տվյալներ չկան։ Այդուհանդերձ, հայ միգրանտների խնդիրներով ակտիվորեն զբաղվող իրավաբան Ռուբեն Կիրակոսյանի կարծիքով, նրանց թիվն էլ բավականին մեծ է։

«Անօրինական գտնվողների ճակատագիրը շատ հարցական է, որովհետև հենց որ սկսեցին նորից աշխատել մարմինները, դատարանները, ոստիկանությունը, միգրացիոն ծառայությունը և այլն, այդ բոլոր մարդիկ ունեն վտանգ վտարվելու․․․ Որովհետև հիմա պետք է բոլորին թեստավորեն, իսկ այդ մարդիկ օրինական դաշտում չկան ընդհանրապես», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիրակոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG