Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 41-ով՝ հասնելով 235-ի: Նրանցից 26-ը ունեն թոքաբորբ: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:
«Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում է հայտնաբերվել վարակի դեպք, Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել վարակի դեպք՝ Էրեբունի համայնքի: Այս պայմաններում պիտի մեկ շաբաթով, նախնական տվյալներով, ավելի ընդարձակ սահմանափակող միջոցներ ձեռնարկենք», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը հայտարարեց, վաղվանից կարգելվեն ռեստորանների և սրճարանների գործունեությունը, շինարարական աշխատանքները կդադարեն: «Կդադարեն նաև տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը կդադարի», - հավելեց Հայաստանի կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք՝ մինչ այս պահը բուժվածների թիվը երկուսն է:
Կորոնավիրուսի վարակի հետ կապված՝ մարտի 16-ից Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։