Մատչելիության հղումներ

Լոռիում մինչ այսօր արված կորոնավիրուսի 12 թեստերն էլ բացասական են եղել


Լոռու մարզում մինչև այսօր կորոնավիրուսի կասկածով արված բոլոր 12 թեստերն էլ բացասական են եղել, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացված որևէ անձ չկա։ Այս մասին «Ազատությանն» ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որ գլխավորում է մարզում ձևավորված կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման մարզային շտաբը։

«Մուտքը հնարավորինս հաստատություններ կրճատել ենք, կրճատում ենք, փորձում ենք գործել մեկ պատուհանի սկզբունքով», - ասաց Ղուկասյանը:

«Ազատության» հարցին՝ վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ կան տեսնելու՝ այդ ախտահանումները կատարվո՞ւմ են իրականում, թե՞ ոչ, Լոռու մարզպետը պատասխանեց. «Այս պահին էլ մեր աշխատանքային խումբը իմ հանձնարարությամբ նոր է դուրս եկել շրջայց կատարելու և՛ սննդի օբյեկտներում, և՛ շուկայում, և՛ արտադրություններում՝ ցուցումներ տալու, օգնելու: Այն քաղաքացիները, որոնք որ չեն համագործակցի, նաև պատժի մեխանիզմ, այսինքն՝ հարկադրանքի մեխանիզմ կիրառելու գործընթաց է, և դա պարբերական է լինելու»:

Հարցին էլ, թե եղե՞լ են այդպիսի դեպքեր, որ ակնհայտ չենթարկվեն, Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Այս պահին չունենք նման դեպքեր: Հակառակը՝ մեզ զանգահարում են տնտեսվարողները, կոնկրետ ինձ այսօր շատ են զանգահարել և հարցնում են, թե ինչ քայլեր, ինչ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի կանխարգելումն ավելի լավ ստացվի»:

Իսկ թե մասնավոր սեկտորում կա՞ն բազմամարդ աշխատակազմ ունեցող ընկերություններ, որոնք ինքնակամ դադարեցրել են աշխատանքը, Լոռու մարզպետն արձագանքեց. «Ոչ, չունենք, բայց մենք բոլորս էլ ռեստորաններին, սրճարաններին հորդորել ենք 20 հոգուց ավելի հավաքներ, խնջույքներ և այլն չկազմակերպել, հորդորել ենք սրճարաններում սեղանների թիվը նվազեցնել, որպեսզի այդ հեռավորությունը պահվի: Բայց մենք պետք է ամենօրյա ռեժիմով հետևենք, և որտեղ կզգանք՝ կա խնդիր, արագ կարձագանքենք»:

Սոցիալական ցանցերում անհանգստություններ են հնչում, որ Վանաձորում գործող մի քանի կարի ֆաբրիկաները, հատկապես ավելի քան 2000 աշխատակից ունեցող «Գլորիա»-ն ամենառիսկայինն է վիրուսի ներթափանցման և արագ տարածման առումով։

Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում վարակի դեպքերը բացառելու համար, արդյո՞ք սեփականատերը աշխատանքային գրաֆիկը փոխելու մտադրություն ունի, թեև երեկ սահմանված արտակարգ դրության ռեժիմը արտադրական ձեռնարկություններին չի պարտադրում դադարեցնել աշխատանքը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատասխանեց. «Այնտեղ երեկվանից սկսված բոլոր միջոցները ձեռնարկվում են, և այսօր նաև այց կլինի այդ ձեռնարկություններ, որևէ ախտանշաններ ունեցող աշխատակից միանգամից տուն է գնում, տրանսպորտային միջոցը, որով աշխատակիցները երթևեկում են, մակերեսները բոլորը պետք է ախտահանվեն երեկոյան սկսած արդեն, այսօր ավելի ինտենսիվ, և խնդիր չունենք, այսինքն՝ այս պահին որևէ ցուցում կամ հորդոր, որպեսզի դադարեցնեն աշխատանքները, քանի որ գրանցված դեպք տեսնում եմ՝ Լոռու մարզում այս պահի դրությամբ չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG