Մատչելիության հղումներ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան աշխատանքը կդադարեցնի միայն արտակարգ դրություն սահմանելու դեպքում


«Գլորիա» ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյան, 16 մարտի, 2020թ.
«Գլորիա» ֆաբրիկայի հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյան, 16 մարտի, 2020թ.

Հայաստանի ամենաշատ թվով՝ մոտ 2000 աշխատակից ունեցող Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան աշխատանքը կդադարեցնի միայն Հայաստանում արտակարգ դրություն սահմանելու դեպքում։ Հիմնադիր-ղեկավար Բագրատ Դարբինյանը «Ազատությանն» ասաց` կառավարության որոշման են սպասում, աշխատանքը չեն դադարեցնի, քանի դեռ կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել իրենց մոտ։

«Եթե մեր մոտ մասսայական, անգամ 5-10 դեպք չլինի, վատ զգան, մենք մտադիր չենք փակելու, որովհետև հանաք բան չի միանգամից կանգնեցնելը։ Ինչո՞ւ կանգնեցնենք, եթե հիվանդներ չկան, պատվիրատուները չեն հրաժարվում», - նշեց Բագրատ Դարբինյանը։ Նշենք, որ ֆաբրիկայի պատվիրատուները իտալական ընկերություններ են։

Մարտի 13-ին կորոնավիրուսի կասկածով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանցից մեկը «Գլորիա» ֆաբրիկա այցելած իտալացի մասնագետն էր։ Թեստի համաձայն բոլոր 5 անձանց մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։ Երեկ Վանաձորում արված ևս 5 անձանց թեստերը նույնպես բացասական են եղել։

Հարցին, թե արդյո՞ք կանխարգելիչ որևէ միջոցառում իրականացնում են, թե՞ ոչ, Դարբինյանը պատասխանեց, որ ընդամենն աշխատողներին հորդորում են աշխատավայրում հաճախակի լվացվել. - «Ես չգիտեմ` էլ ինչ կարելի է անել։ Չգիտեմ` ախտահանիչ ինչ միջոցներ պետք է օգտագործել։ Հիմա եթե դիմակ պետք է դնեն, դիմակ որտեղի՞ց ճարեմ։ Դա ես չէ, որ պետք է անեմ, այլ համապատասխան կառույցները երևի», - ասաց նա։

Նշենք, որ այսօր` ժամը 15:00-ին, կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք, որից 3-ը` երևանյան ձեռնարկություններից մեկում:

XS
SM
MD
LG