Կառավարությունն այսօր առավոտյան խորհրդակցություն է կայացել, ամփոփվել է այս պահին տիրող իրավիճակը` կապված կորոնավիրուսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ ժամը 15:00-ին կառավարության արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ կքննարկվի հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը: Այդ նիստը բաց է լինելու, այսինքն` կլինի ուղիղ հեռարձակում:
Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման ընդունման դեպքում, ինչպես ասաց Փաշինյանը, իրավունքի ուժով կհայտարարվի Ազգային ժողովի նիստ, որտեղ պատգամավորներին ևս հնարավորություն կտրվի հնչեցնել իրենց հուզող հարցերն ու ստանալու դրանց պատասխանները:
Վարչապետը հայտնեց, որ այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, որից 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է:
10 հոգուց 3-ը «Գոլդեն փելիսում» մեկուսացված անձինք են, մյուսը 3-ը Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված, վարչապետի տեղեկացմամբ, հիմա մեկուսացում է իրականացվում:
«Նախարարն ասում է, որ կարող են հույս ունենալ, որ վարակի լայն տարածում այնտեղ չունենք: Եվ մնացած չորս դեպքերն արդեն առանձին տարածված դեպքերն են», - նշեց նա:
Ինչ վերաբերում է Էջմիածնում ստեղծված իրավիճակին, որտեղ մասնակի սահմանափակումներ են կիրառված, վարչապետը տեղեկացրեց, որ 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել:
«Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ», - նկատեց նա` հավելելով, որ այն փաստը, որ նրանք ջերմություն ունեն դեռ չի վկայում այն մասին, որ նրանք վարակակիր են:
Այս պահի դրությամբ մեկուսցված է ավելի քան 300 քաղաքացի, ևս 300 քաղաքացու մեկուսացման համար տարածքներ են պատրաստել:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց` ուրբաթ օրվանից սկսել են քննարկել նաև տնտեսական իրավիճակը, և այսօր կեսօրին այդ ուղղությամբ ևս մեկ նիստ կկայանա: