Նոր կորոնավիրուսի էպիկենտրոնն այլևս Չինաստանից տեղափոխվել է Եվրոպա, երեկ ուշ երեկոյան հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փաստելով` վերջին շաբաթներին այստեղ ավելի շատ մահվան դեպքեր են գրանցվել, քան ողջ աշխարհում` Չինաստանը չհաշված:
Այսօր նոր վիրուսով հիվանդացության առաջին դեպքն է արձանագրվել նորածնի մոտ. Լոնդոնում լույս աշխարհ եկած երեխայի մայրը մինչ ծննդաբերությունը հիվանդացել է կորոնավիրուսով, և հիմա բժիշկները փորձում են պարզել` երեխան մոր արգանդո՞ւմ է վարակվել, թե՞ ծնվելուց հետո:
«Հիմա մենք ավելի շատ ենք նոր դեպքերի մասին հաղորդումներ ստանում, քան այն օրերին, երբ համաճարակը մոլեգնում էր Չինաստանում», - երեկ հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը` դիմելով ողջ աշխարհի կառավարություններին: - «Դուք պետք է ավելի համապարփակ մոտեցում որդեգրեք. ոչ թե կիրառեք միայն թեստավորումը, կամ` միայն վարակվածների հայտնաբերումը, կամ` միայն կարանտինը, այլ` այդ բոլորը միաժամանակ: Նրանք, որ նայում են համաճարակի էպիկենտրոնում հայտնված մյուս պետություններին ու մտածում, թե նույնն իրենց հետ չի պատահելու, խորապես սխալվում են՝ այդ իրավիճակը կարող է կրկնվել ցանկացած երկրում»:
Արձագանքելով մասնագետների զգուշացում-հորդորներին` կառավարություններն աշխարհով մեկ սահմանափակումներ են մտցնում, կամ էլ՝ ավելի խստացնում արդեն իսկ ընդունված նորմերը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ, հետևելով եվրոպական մի շարք երկրների օրինակին, համազգային արտակարգ դրություն հայտարարեց, տասնյակ պետություններ փակել են սահմանները, արգելված են զանգվածային միջոցառումները, դպրոցներն ու համալսարաններն անցել են հեռակա ուսուցման:
Իրանում, ուր վիրուսի տարածման տեմպը շարունակում է աճել, անվտանգության ուժերը, ըստ տեղական լրատվամիջոցների, դատարկում են փողոցները երկրով մեկ:
Եվրոպական մի շարք պետություններում, այդ թվում` Չեխիայում, Բելգիայում, Իսպանիայում, փակ են նաև ռեստորաններն ու մեծ հանրախանութները` գործում են միայն սննդի խանութներն ու դեղատները:
Լեհաստանը չի բացառել, որ կարող է հետաձգել մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները:
Կառավարական սահմանափակումներին նաև մասնավոր սեկտորն է միանում: Apple-ը հայտարարել է, թե փակում է բոլոր վաճառքի կետերը աշխարհով մեկ մինչև մարտի 27-ը: Բացառություն կարվի միայն Չինաստանի համար, որտեղ համաճարակը վերջին շաբաթներին սկսել է կտրուկ նահանջել. երեկ այստեղ նոր վարակի ընդամենը 11 դեպք էր արձանագրվել, «դրանցից միայն 4-ն էին տեղի բնակիչներ, մյուսները վարակը բերել էին արտերկրից», - հայտարարել է Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի խոսնակ Մի Ֆենգը:
«Երկրի ներսում սկիզբ առած հիվանդացության կամ վարակման կասկածելի դեպքերը մոտ մեկ շաբաթ է` սկսել են նվազել,Վուհանում հիվանդների 72,9 տոկոսն արդեն առողջացել է, Հուբեյում այդ թիվը հասնում է 92 տոկոսի: Մեր եռանդուն ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ վերահսկողության տակ առնել համաճարակի տարածումը, հետո նաև` ամրապնդել այդ վիճակն ու ընդարձակել», - ասել է Մի Ֆենգը:
Վիրուսի դեմ պայքարում առաջին, լուրջ հաջողությունն արձանագրելով` Պեկինը հայտարարում է, թե պատրաստ է հիմա աջակցել մյուս երկրներին` տեխնիկական միջոցներով ու խորհրդատվությամբ: Խորհուրդների շարքում առաջինը շարունակում է մնալ աչալրջությունն ու արագությունը:
«Նոր վիրուսի տարածումը կանխարգելելու համար հարկավոր է գործել արագ, չի կարելի մսխել ժամանակը, որ տվել էր Չինաստանը` առաջին հարվածն իր վրա վերցնելով», - արձանագրում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները:
Մասնագետները նաև հորդորում են չեղարկել զանգվածային միջոցառումները: Հենց այդ պատճառով էլ Փարիզի Էյֆելյան աշտարակը, Լուվրի թանգարանը, «Մուլեն Ռուժ» կաբարեն փակ են երեկվանից, այսօր դրանց կմիանան նաև Վաշինգտոնի Սմիթսոնյան թանգարանները, Նյու Յորքի Բրոդվեյի թատրոնները:
Իտալական Ֆլորենցիայի Ուֆֆիցին աննախադեպ որոշում է կայացրել` վիրուսի պատճառով փակված պատկերասրահն իր ժառանգությունը ցուցադրում է օնլայն` ֆեյսբուքյան էջով: «Որոշեցինք, այսպես ասած, մշակութային դեղահաբեր մատակարարել», - Reuters-ին ասել է պատկերասրահի ներկայացուցիչ Քրիստիան Սպադոնին: - «Մեր այժմյան պայմանները թելադրում են մեզ անցնել արտառոց քայլերի: Որոշեցինք այս ճանապարհով մտնել իտալացիների ու աշխարհով մեկ ցանկացած մարդու տուն, ով այս պահին չի կարող այցելել մեր պատկերասրահ»:
Անցած շաբաթվանից Իտալիայի ողջ տարածքով մեկ կարանտին է հայտարարված՝ շուրջ 60 միլիոն մարդ զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից: Երբեմնի աշխույժ ու աղմկոտ փողոցներում ամայություն է, ժամանակին զբոսաշրջիկներով լեփ-լեցուն վայրերում` լռություն: Իտալացիները, սակայն, չեն ընկճվում. սոցիալական ցանցերում երեկվանից տարածվող տեսանյութերում երևում է` մեծ ու փոքր քաղաքներում, անգամ տանից դուրս չգալով, սեփական պատշգամբում, մարդիկ Իտալիայի հիմնն են երգում և հեռվից ծափահարում շենք մտնող բժիշկներին` ի նշան երախտագիտության: