Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով այսօր առավոտյան կառավարությունում հրավիրված խորհրդակցության մանրամասները:
Ըստ նրա` որոշում է կայացվել` առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի, մարտի 18-19-ին ևս մեկ անգամ կանդրադառնան այս թեմային և անհրաժեշտության դեպքում կերկարաձգեն սա:
«Այսօր սպասում ենք լավ նորությունների` կապված կորոնավիրուսի հետ, այսօր կհետազոտվեն մարտի 1-ից «Գոլդեն փելիսում» մեկուսացված մեր հայրենակիցները, և բավականին մեծ հավանականություն կա, որ նրանց մոտ ախտորոշումը կլինի բացասական, և այդ մարդկանց մենք, շնորհակալություն հայտնելով համբերատարության համար, կուղեկցենք իրենց տները», - նշեց նա:
Վարչապետը ասաց նաև, որ դիմակների գները «անտրամաբանական ռեկորդներ են սահմանում»: Միաժամանակ նա մեջբերեց առողջահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքը, որ մարդիկ փողոցներում դիմակներ կրելու անհրաժեշտություն չունեն, դիմակ պետք է կրեն նրանք, ովքեր ունեն հիվանդության ախտանշաններ, և նրանք, ովքեր շփվում են այդ ախտանշանն ունեցողների հետ:
Նա նաև հորդորեց ձեռքով չբարևել, կանխարգելիչ միջոցառումները չշրջանցել, կարևորեց, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվության գիտակցումով վերաբերվի այս համաճարակային վտանգին:
Հիշեցնենք, Հայաստանում երեկ հաստատվել էր կորոնավիրուսի ևս երկու դեպք, այդպիսով՝ վարակվածների թիվը հասել է 6-ի: