Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը այսօր բավարարել է հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք՝ մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Գործարարը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ:
Իշխանափոխությունից հետո գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել և այդ մասին նաև «Ազատության» հետ հարցազրույցում պնդել, որ երկրորդ նախագահ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։
Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը: Նրա փաստաբանները պնդում էին, որ Մայրապետյանն առողջական խնդիրներ ունի և պետք է վիրահատվի Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։
Անցած հունվարին ՀՔԾ-ն թույլատրել էր Մայրապետյանին մեկնել երկրից՝ հիմք ընդունելով նրա առողջական վիճակի գնահատման նպատակով և առողջապահության նախարարի հրամանով հրավիրված բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։