Մատչելիության հղումներ

Փաշինյանը 10 մլն ծառ տնկելու ծրագրի շրջանակում Դենդրոպարկում մայրի ծառի սերմ է ցանել


Դենդրոպարկ կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրի ծառի սերմ է ցանել, որը կտնկի հոկտեմբերի 10-ին՝ 10 մլն ծառ տնկելու նախաձեռնության շրջանակում: Վարչապետը բոլոր հայրենակիցներին կոչ է արել հետևել իր օրինակին, ցանել սեփական ծառի սերմն ու տնկել այն:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանին է միացել նաև Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Աիդա Աղաջանյանը, ով շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին նամակ է գրել ամբողջ Հայաստանում ծառեր տնկելու անհրաժեշտության մասին: Աիդա Աղաջանյանը ցանել է հացենի ծառի սերմ: Իրենց սերմերն են ցանել նաև Տարածքային կառավարման և զարգացման, Շրջակա միջավայրի նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Էրիկ Գրիգորյանը:

Վարչապետը նշել է. «Ընդ որում կարելի է որևէ հարազատի, սիրած մարդու, ծնողի, նախնիների անունով ծառ տնկել: Սրա մեջ հոգևոր, քաղաքացիական, ազգային բովանդակություն է պետք դնել: Մեր բոլոր սփյուռքահայերին հրավիրում ենք մասնակցելու նախաձեռնությանը: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը»:

Վարչապետը Դենդրոպարկի պատասխանատուների հետ քննարկել է նաև պարկի զարգացման հեռանկարները, կարևորել այստեղ զբոսաշրջիկներ ներգրավվելու ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով Դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչի գործունեությունը՝ հանձնարարել է վերջինիս շնորհել պետական պարգև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG