Մատչելիության հղումներ

Վարչապետը կոչ է անում այցելել Դենդրոպարկ և Ստեփանավան


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ ծանոթացավ Դենդրոպարկ տանող նորոգված ճանապարհին։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց այն մարդկանց, ովքեր չեն եղել Դենդրոպարկում և Ստեփանավանում, անպայման այցելել։

«Այս ճանապարհը կառուցելով մենք ոչ միայն ուղղակի ասֆալտ ենք արել, այլ նաև հնարավորություններ ենք ստեղծել և՛ տուրիստական ընկերությունների համար, որովհետև տուրիստական ընկերությունների համար էլ է կարևոր, որ իրենք առաջարկելու շատ բան ունենան», - ասաց վարչապետը։

Հայաստանի կառավարության ղեկավարը նշեց, որ այդ ճանապարհը կառուցելով տնտեսական շղթայական էֆեկտ կլինի։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ անցած տարի ներքին տուրիզմի 43 տոկոս աճ է եղել։

«Սա նշանակում է, որ մենք մեր ազգային անվտանգության մակարդակն ենք բարձրացրել», - հավելեց նա։

Վարչապետը նաև այցելել է Ստեփանավան և նախընտրական բուկլետներ բաժանել քաղաքացիներին։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Հայաստանում նշանակված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG