Մատչելիության հղումներ

Դատախազությունը հնգօրյա ժամկետում որոշում կկայացնի Թովմասյանին առնչվող գործով


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը հնգօրյա ժամկետում որոշում կկայացնի՝ հաստատե՞լ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի մեղադրական եզրակացությունը, թե՞ ոչ։

Ըստ գործը Դատախազություն ուղարկած Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ կան բավարար ապացույցներ այն մասին, որ Թովմասյանը որպես արդարադատության նախարար պաշտոնավարելիս կատարել է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին թիմակիցը մեղադրանքը չի ընդունում։

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց՝ «Ազատություն»-ից է տեղեկանում, որ Հատուկ քննչական ծառայությունը գործն ուղարկել է Դատախազություն։ ՀՔԾ-ից փոխանցում են՝ իրենք պարտավոր չեն տեղեկացնել գործը Դատախազություն ուղարկելու մասին։ «Մեղադրական եզրակացությունը օրենքով տրամադրվում է դատախազի հաստատելուց հետո, բայց քննիչը պետք է տեղեկացվեր, որ ուղարկել է Դատախազություն՝ դատախազի հաստատմանը», - հակադարձեց Մակինյանը։

Ըստ Դատախազության՝ Թովմասյանը «իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող» անձի հետ միասին օգտվել է առիթից, որ նոտարները նախարարից կախյալ վիճակում են, և 2013 թվականին երկու նոտարի հետ ձեռք է բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ պայմանավորվածություն։ Ըստ քրեական գործի, մայրաքաղաքի Բաղրամյան 1 հասցեում գտնվող նոտարական տարածքները տևական ժամանակ օգտագործող նոտարները չեն կարողացել դրանք անհատույց օգտագործելու իրավունք ձեռք բերել, Թովմասյանը նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքով այնպես է արել, որ այդ տարածքները ձեռք բերի ինքը և վարձակալության հանձնի նոտարներին։ Ըստ իրավապահների, նա որպես վարձակալության գումար ստացել է ավելի քան 11 միլիոն դրամ, Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող տարածքների նորոգման Նոտարական պալատի բյուջեից ծախսվել է ավելի քան 2 միլիոն դրամ։

Այս գործով որպես Թովմասյանի հանցակից ներգրավված է նրա սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որն այդ ժամանակ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն էր։ Փանոսյանը ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքը չի ընդունում։

Ամրամ Մակինյանը պնդում է՝ գործում չկան ապացույցներ, որ Թովմասյանը հանցանք է կատարել։ «Ես չգիտեմ, թող մեղադրանքի կողմը, եթե նպատակահարմար կգտնի, մեկնաբանի, թե ըստ իրեն որոնք են մեղադրող ապացույցները, ես այդպիսի ապացույցներ քրեական գործում չեմ գտել։ Այն, ինչում մեղադրվում է պարոն Թովմասյանը, մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ չկան։ Կլինեն դրանք ցուցմունքներ կամ ապացույցների այլ տեսակներ՝ Քրդատով [Քրեական դատավարության օրենսգիրք] նախատեսված, այդպիսի ապացույցներ քրեական գործում, ես ինքս ուսումնասիրել եմ ամբողջ գործի նյութերը, ինչքանով որ սեղմ ժամկետում հնարավոր է եղել՝ քննիչի տրամադրած, ուսումնասիրել, ու վստահաբար կարող եմ պնդել, որ առաջադրված մեղադրանքը բացարձակ հիմնազուրկ է, մեղադրանքի որոշմանը բնորոշ ապացույցներ քրեական գործում չկան», - հայտարարեց փաստաբանը։

Չկան նաև փաստաթղթեր, որ նոտարական տարածքները պատկանում են Հրայր Թովմասյանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց, նաև պնդում է Մակինյանը. - «Պարոն Թովմասյանը որևէ նոտարական գրասենյակ չի գնել, նոտարական գրասենյակների սեփականատերերը այլ անձինք են»։

ՍԴ նախագահի և նրա սանիկի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

XS
SM
MD
LG