Մատչելիության հղումներ

Չինաստանից դուրս կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 12 հազարից


Իտալիա - Զբոսաշրջիկներ Միլանում, 2-ը մարտի, 2020թ.
Իտալիա - Զբոսաշրջիկներ Միլանում, 2-ը մարտի, 2020թ.

Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 12 հազարը:

Իտալիայում ավելի շատ մարդ է մահացել այդ հիվանդությունից, քան Իրանում՝ 107 մահվան դեպք, վարակվածների թիվը գերազանցում է 3 հազարը: Կառավարությունը ժամանակավորապես փակել է երկրի բոլոր դպրոցներն ու համալսարանները, մարզական միջոցառումներն առնվազն մինչև ապրիլի 3-ը կանցկացվեն առանց հանդիսատեսների:

Վարակման առաջին դեպքերն են գրանցվել Լեհաստանում, Հունգարիայում, Սլովենիայում:

Այսօր Եվրախորհրդարանում կքննարկվի կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել համաճարակի դեմ պայքարի համար 8,3 միլիարդ դոլար հատկացնելուն, Բիլ Գեյթսը 100 միլիոն դոլար է ներդնում, և նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփն այդ նպատակով տրամադրում է իր աշխատավարձի մի մասը: ԱՄՆ-ում կա շուրջ 150 հիվանդության և 11 մահվան դեպք:

Իրանում կորոնավիրուսով վարակել է ևս մեկ նախարար: Վերջին օրվա ընթացքում երկրում 586 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվն Իրանում հասել է 2 հազար 922-ի, որոնցից մահացել են 92-ը, բուժվել՝ 522-ը։

Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի պրեմիերան հետաձգվել է ապրիլից մինչև նոյեմբերի վերջ:

Դե իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ Անվտանգության դաշնային ծառայությունն իրեն զեկուցել է, որ կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ են տարածվում արտերկրից, նպատակը, ըստ Պուտինի, բնակչության շրջանում խուճապ սերմանելն է:

«Ռոսկոմնադզոր»-ը այդ կապակցությամբ մի շարք էջեր է արգելափակել:

Այնուամենայնիվ, արգելվել է Ռուսաստանից դիմակներ արտահանել: Մոսկվայի իշխանությունները շտապ դիմակներ են գնել 200 միլիոն ռուբլով և մշակել համաճարակի դեմ պայքարի պլան:

XS
SM
MD
LG