Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով այսօրվա դատական նիստին խորհրդակցական սենյակից վերադարձած դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների վերաբերյալ որոշում կկայացնի ավելի ուշ՝ դատաքննության փուլում գործում առկա բոլոր ապացույցները հետազոտելուց ու էական հանգամանքները պարզելուց հետո։
«Պաշտպանության կողմի միջնորդությունների լուծումը հետաձգել, մինչև դրանց լուծման համար էական հանգամանքների պարզումը, գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը», - ասաց նա:
Ամբաստանյալների փաստաբանները միջնորդել էին դադարեցնել քրեական հետապնդումը։ Պնդում են՝ պաշտպանյալներին մեղսագրվող քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը 2008-ի մարտյան իրադարձություններին չի եղել, և որ դեռ 2009-ին «Յոթի գործի» մեղադրյալների նկատմամբ հետապնդումը դադարեցվել է հենց այդ պատճառաբանությամբ։
Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատավարությունը մեկնարկել է անցած սեպտեմբերին։ Ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները շարունակաբար պնդում են՝ դատավորը անաչառ չէ և չպետք է քննի այս գործը։ Արդեն երկու միջնորդություն են ներկայացրել դատավորին՝ ինքնաբացարկ հայտնելու համար, երկուսն էլ մերժվել են։ Այսօր ևս երկուսը ներկայացվեցին։ Մեկը փաստաբան Հայկ Ալումյանը դեռ հունվարին է ուղարկել դատավորին։ Պնդեց՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իշխանությունն Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի նման դատավորների է նախընտրում։ Դանիելյանն անցած ամռանը Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Ալումյանը նաև ներկայացրեց բոլոր այն օրինակները, երբ ըստ իրենց՝ իշխանությունը վարչապետի մակարդակով փորձում է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Խոսքը նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունների մասին է։ Դրանք առնչվում էին Քոչարյանի քրեական գործին։ Փաստաբանի խոսքով՝ այսպիսով խախտվում է Եվրոպական կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքը:
«Ներկա քաղաքական իշխանությունները՝ լինի դա վարչապետը, լինեն իշխանական թևի պատգամավորները, ուղղակիորեն շահագրգռված են, որ պարոն Քոչարյանը մնա կալանքի տակ և չեն թաքցնում այդ հանգամանքը: Սա մի փաստ, այս փաստը հիմնավորելու համար ես այդ միջնորդությանս հետ միասին Ձեզ ներկայացրել եմ 6 էլեկտրոնային կրիչ, այսինքն՝ ամեն բան, ինչ որ ես այստեղ ասացի, համապատասխան էլեկտրոնային կրիչներ կցել եմ և 83 թերթ նյութեր», - ասաց նա:
Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահի մյուս փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդության հիմքում ևս դատավորի անաչառությունն է։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատավորը մեկ այլ գործով տուժող է։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից երկուսի գործի մասին է, որոնք փողոցում փորձել էին Աննա Դանիբեկյանին ուղիղ եթերով հարցեր տալ՝ մասնավորապես արդյո՞ք նա «վնգստացող» դատավորների շարքին է պատկանում։
«Հենց ՄԻԵԴ նշված ստանդարտից է բխում կոնկրետ փաստը, որ ես՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանս, հանդիսանում եմ մեկ այլ գործով սույն գործը նախագահողի դատավարական հակառակորդը, և հենց այդ գործով մեղադրանքը հիմնված է տուժող Դանիբեկյանի ցուցմունքի վրա, որի արժանապատվությունը դռնբաց դատական նիստում արդեն իսկ իմ կողմից կասկածի տակ է դրվել», - ասաց Վարդևանյանը:
Մինչդեռ դատախազներն ու տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց՝ ի՞նչ կապ ունեն այս երկու գործերը միմյանց հետ. - «Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հարցադրում է արվում դատական համակարգի թիրախավորման վերաբերյալ, և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պատասխանում է, որ թիրախավորումն այնպես չէ, որ ավարտված է, և դատական համակարգին տրվող գնահատականները տարբեր են՝ մասնավորապես ընդդիմության ներկայացուցիչներն այլ կերպ են գնահատում դատական համակարգը, իշխանությունը դատական համակարգն այլ կերպ է գնահատում, և յուրաքանչյուրն իր դիրքերից այդպիսի գնահատականներ է տալիս: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պատասխանի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ դատական համակարգը դրսևորում է անկախություն և գործում է անկախ այդ տրված գնահատականներից, ընդ որում անկախ որևէ ցանկությունից»:
Առարկեցին նաև տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Սեդա Սաֆարյանը։
«Ճշմարտությունը մի երես ունի, և այդ հատորներում առկա է ճշմարտությունը, և եթե չեն ուզում, որ այդ գործը սկսվի, նշանակում է, որ խուսափում են այդ գործի փաստերից: Բայց ամբողջ այդ բացարկը կառուցված է դրսում տեղի ունեցած և հայտարարված իրական և անիրական հանգամանքների և փաստերի հրապարակումների վրա», - նշեց Սաֆարյանը:
Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, որ բնակվում է Բելգիայում, օրեր առաջ է եկել Հայաստան։ Այսօր առաջին անգամ մասնակցում էր դատական նիստին. - «Ես մենակ մի բան եմ ուզում ասել Քոչարյանի փաստաբաններին ու այն մարդկանց, ովքեր գտնում են, որ Քոչարյանն անմեղ է, ի՞նչն է պատճառը, որ չեն թողնում՝ գործը մտնի բուն դատական փուլ: Մենակ դա արդեն ապացուցում է, որ իրենք շատ լավ գիտեն՝ Քոչարյանն ով է, և ով է Մարտի 1-ի հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն», - շեշտեց նա:
Դատավոր Աննա Դանիբեկյանն անցավ խորհրդակցական սենյակ։ Ինքնաբացարկի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի մարտի 6-ին։