Մատչելիության հղումներ

Ամեն ինչ լավ կլինի, մի՛ վախեցեք. վրացիները՝ կորոնավիրուսի մասին


Թբիլիսի, Վրաստան,28 թետրվարի, 2020թ.
Թբիլիսի, Վրաստան,28 թետրվարի, 2020թ.

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին այսօր հայտնել է, որ վարակված քաղաքացին ժամանել է Իտալիայից: Նրա վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտարարվեց փետրվարի 26-ին: Այս դեպքում էլ Վրաստանի 50-ամյա քաղաքացին Իրանից Ադրբեջանով էր վերադարձել: Ադրբեջանի նախարարների կաբինետն այսօր, ի դեպ, հաստատել է, որ Ադրբեջանում ևս կորոնավիուսով վարակված անձ է հայտնաբերվել: Ռուսաստանի քաղաքացին Իրանից է Ադրբեջան ժամանել:

Շուրջ երկու տասնյակ հիվանդ է մեկուսացվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հետազոտությունները ցույց կտան՝ արդյոք նրանք նույնպես վարակակիր են: Մայրաքաղաքի բնակիչները, սակայն, հավաստիացնում են, որ խուճապը միայն համացանցում է: Ասում են՝ համացանցում տարածված նկարները, թե խանութներում մթերքը վերջացել է, դեղատներում էլ՝ դեղերն ու դիմակները, իրականությանը չեն համապատասխանում: Շատերը չեն էլ մտածում դիմակ կրելու մասին:

«Ես ոչ վիրուսից եմ վախենում, ոչ չորուսից, գիտեք՝ դա ինչ է, վիրն ու չոռը վրացերենում հոմանիշներ են», - ժպտալով ասում է քաղաքացիներից մեկը, երկրորդն էլ շեշտում. - «Ամեն ինչ լավ կլինի, մի՛ վախեցեք»:

Մեկ այլ տղամարդ էլ նկատում է. - «Մենք նոր ենք ժամանել, այդ մասին ոչինչ չգիտեինք, որ դուք այստեղ արդեն կորոնավիուս ունեք»: Նրա կինը հավելում է. - «Միայն այն գիտեինք, որ երկու հոգու մոտ կասկածվում էր»:

«Ազատության» հարցին՝ դիմակներ պատրաստվո՞ւմ են կրել, արդյոք վախենում են, ոմանք պատասխանում են՝ ոչ, մյուսներն ասում են՝ դիմակը չի պաշտպանելու, այն կրելը կեղծ բան է:

«Կորոնավիուսը սովորական վարակ է, ինչպես մյուսները, ընդհանրապես ես չեմ վախենում այդ վարակներից, գիտեք ինչու, որովհետեւ վարակներ միշտ կան, մարդ պետք է խելացի մոտեցում ցուցաբերի և անի այն, ինչ պահանջվում է», - հարցվածներից մեկի պատասխանն է:

Տեղացիներից մյուսն ընդգծում է. - «Պետք է ձեռքերը լվանալ, դիմակներ կրել, սակայն ես վստահ չեմ, որ դեղատներում դիմակ վաճառում են: Մենք Ճապոնիայից ենք, ու օրինակ այնտեղի դեղատներում արդեն դիմակ չես կարող գտնել, որովհետեւ մարդիկ ամբողջն արդեն գնել են»:

Դեղատան աշխատակիցները հիմնականում խուսափում են տեսախցիկից ու իրենց ուղղված հարցերին միայն ասում են, թե ամեն ինչ կարգին է: Որոշ դեղատներում պաշտպանիչ դիմակների գինը բարձրացել է՝ 20 թեթրիից դառնալով 1 լարի 20 թեթրի (35 դրամից 200 դրամ): Մյուսներում էլ թեև գինը չի փոխվել, սակայն քանակն է սահմանափակ: «Ավերսի» դեղատների ցանցի աշխատակիցը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այս պահին դիմակ չունեն, սակայն երեկոյան կստանան: Վիրուսի դեպքերի մասին հայտարարությունից հետո պահանջարկը շատ է մեծացել:

Հայաստանի կառավարությունը մտադիր չէ փակել հայ-վրացական սահմանը, «Ազատությանը» փոխանցել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վրաց գործընկերները հավաստիացրել են, թե իրավիճակը վերահսկելի է:

Սուի Հանի համար վարակներն ու սահմանների փակ լինելը խոչընդոտ չէ ճամփորդելու համար: Չինուհին որոշել է շրջել Հարավային Կովկասում: Միակ բանը, որ անհանգստացնում է նրան, անծանոթների խեթ հայացքներն են: Սուին վստահ է՝ Չինաստանի ղեկավարությունը կարողանում է վարակի դեմ ակտիվ պայքարել. - «Կորոնավիրուսը, ոչ այն արդեն բավական վերահսկելի է: Միայն մարդիկ, ովքեր չեն հետևում իրենց, չեն լսում հորդորները՝ տանից դուրս չգալու, հասարակական վայրերում շատ չհայտնվելու մասին, չեն հետևում անձնական հիգիենային, միայն նրանք են նպաստում, որպեսզի թիվն աճի: Ինչ վերաբերում է մեզ, մենք անհանգստանալու կարիք չունենք: Իհարկե, կորոնավիուսի վարակը կա, և շատերը այն հենց Չինաստանի հետ են կապում, սակայն ի վերջո բոլոր չինացիները չէ, որ վարակակիր են: Երկրի կառավարությունից շատ բան է կախված: Եթե նրանք հոգ են տանում ժողովրդի մասին, ապահովում դիմակների ու դեղերի անհրաժեշտ քանակ, ուրեմն ամեն ինչ վերահսկելի է: Ես հավատում եմ, որ շուտով վարակի դեմ հատուկ դեղ էլ կստեղծեն, այնպես որ չեմ անհանգստանում»:

Սուին կարծում է՝ Վրաստանում վարակը մեծ տարածում չի ստանա, սակայն քաղաքացիները պետք է պահպանեն անվտանգության կանոնները: Վրաստանի առողջապահության համակարգի ներկայացուցիչները ևս պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին հետևել անձնական հիգիենային ու չնպաստել վարակի արագ տարածմանը: Նկատի ունենալով կովկասյան ավանդույթները՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն բնակիչներին հորդորել է կորոնավիրուսը կանխելու նպատակով միմյանց ձեռք չսեղմել և չհամբուրել. - «Ողջունեք միմյանց միայն ձեռք բարձրացնելով: Սա ծիծաղելի չէ», - ասել է նա:


XS
SM
MD
LG