Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանն անմեղ է ճանաչել Մարտի 1-ի գործով դատապարտյալին


Մարտի 1-ի իրադարձությունները Երևանի Լեոյի փողոցում, 2008թ.
Մարտի 1-ի իրադարձությունները Երևանի Լեոյի փողոցում, 2008թ.

ՀՀ վերաքննիչ դատարանը անմեղ է ճանաչել Մարտի 1-ի գործով դատապարտյալ Հովհաննես Ղազարյանին՝ նման կերպ բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

2008 թվականին ընդունված դատավճռով Հ. Ղազարյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, և սահմանվել էր երկու տարի ժամկետով փորձաշրջան։

«Դատարանը հաստատված էր համարել, որ 2008թ. մարտի 1-ին վաղ առավոտյան «Ազատության» հրապարակում ծավալված իրադարձությունների ընթացքում նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ ու տվել բռնություն գործադրելու սպառնալիքներ:

Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն, բողոքով վարույթները կարճել էր դատական նիստին ամբաստանյալների, նրանց պաշտպանների չներկայանալու պատճառաբանությամբ՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով և անփոփոխ էր թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

ՀՀ գլխավոր դատախազությունը նախ ՀՀ վճռաբեկ դատարան, ապա ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով հիմնավորել էր, որ գործով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը», - գրել է Գոռ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG