Մատչելիության հղումներ

Փաշինյանը շեշտում է՝ իր քաղաքական թիմը «կկտրի ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չի տա»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Այո»-ի ակտիվ քարոզչությունը կսկսի հաջորդ շաբաթվանից, իսկ երեկ նախընտրական շտաբի քարոզարշավի ծախսերի համար նախատեսված դրամահավաք-երեկոն էր։ Լրատվամիջոցների համար այն փակ էր, միջոցառումն ուղիղ հեռարձակվում էր «Այո»-ի ֆեյսբուքյան էջով։ Ելույթ ունեցան վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը։

«Հայաստանի Հանրապետությունում այս պահին գործող Սահմանադրական դատարանը որևէ կապ չունի Հայաստանի ժողովրդի հետ, որևէ իշխանություն չունի ստացած Հայաստանի ժողովրդից և վայելում է Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության բացարձակ անվստահությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սահմանադրական դատարանն այսօր չի ներկայացնում ժողովրդին, և եկել է այդ ինստիտուտը կայացնելու ժամանակը, շարունակեց վարչապետը։ «Որովհետև չփոխել էս ինստիտուտը՝ նշանակում է առաջնորդվել այն կարգախոսով, կներեք, էդ տղամարդկանց շատ հատուկ հակում ա ամեն ինչը համեմատել մեքենաների, կամ ամեն ինչ ընկալել մեքենաների լեզվով, դա նույնն է, թե հավատալ այն բանին, որ կարելի է ունենալ S դասի «Մերսեդես» և նրանով առաջ շարժվել, երբ որ նրա վրա տեղադրված են «Մոսկվիչ-408»-ի անվադողեր», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց ընտրակեղծարարության վերաբերյալ խոսակցությունները։ Երաշխավորեց՝ մեկ քվեաթերթիկի կեղծիք անգամ թույլ չեն տա։ «Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա, մի քվեաթերթիկի։ Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև հակառակ դեպքում դա կնշանակի ջնջել մեր ապրած ամբողջ կյանքը, այն բոլոր արժեքները, որի վրա մենք կանգնած ենք», - հայտարարեց վարչապետը։

Չի կարող անկախ ու անաչառ լինել մի Սահմանադրական դատարան, որը ձևավորվել է Սահմանադրության ոգու ուղղակի խախտմամբ, իր ելույթում նշեց խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Սիրելի քաղաքացիներ, հանրաքվեին «այո» ասելով՝ դուք կհայտնեք ձեր համաձայնությունը առ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորները չլինեն քաղաքական ուժերի ու հոսանքների ազդեցությունների կրող, նրանց շահերի պաշտպան, և այս առումով՝ քաղաքական, կուսակցական գործընթացների մաս», - հայտարարեց Միրզոյանը։

Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե իշխող ուժը հանրաքվե է անցկացնում մի խումբ մարդկանց աշխատանքից ազատելու նպատակով։ «Արդյո՞ք արժի մեկ մարդու կամ մի խումբ մարդկանց համար հանրաքվե կազմակերպել։ Սա, իմ խորին համոզմամբ, հարցի չափազանց մակերեսային, ես կասեի՝ պարզունակացված, նույնիսկ վտանգավոր ձևակերպում է, որը բոլորովին չի արտացոլում խնդրի, հարցի ողջ խորությունը։ Իրականում հարցի գինը Հայաստանի ժողովրդավարության ճակատագիրն է և Հայաստանի քաղաքացիների ինքնիշխանությունը», - շեշտեց խորհրդարանի խոսնակը։

Դրամահավաք-երեկոյի արդյունքում հանգանակվեց 205 միլիոն 560 հազար դրամ։

«Այո»-ի շտաբը ակտիվ քարոզարշավ կիրականացնի վարչապետի գլխավորությամբ, քարոզչական հանդիպումներ կլինեն Հայաստանի բոլոր քաղաքներում։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հայաստանում նշանակված է ապրիլի 5-ին։ Փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն ընտրված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ևս 6 անդամների լիազորությունները։ Նախագիծը չի վերաբերում միայն ՍԴ դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG