Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան. Սերժ Սարգսյանն ուղղակի ասելիք չուներ


«Սերժ Սարգսյանն ուղղակի ասելիք չուներ», - անդրադառնալով դատարանի առջև Լեռնային Ղարաբաղի մասին նախկին նախագահի հայտարարություններին՝ կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը դատարանի առջև հավաքված համախոհներին խնդրելով վերադառնալ տուն՝ հորդորեց չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին։ Հետո իր կյանքի «գերագույն նպատակից» խոսեց՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Թե ինչու հենց այսօր, իր դատավարության մեկնարկին հարկ համարեց խոսել Արցախից, նախկին նախագահը չմանրամասնեց։ Ընդ որում Սարգսյանը իր կարճ ելույթն ունեցավ շարժական բարձրախոսով, որը տարիներ շարունակ ընդդիմադիրների համար էր առաջին անհրաժեշտության գործիք։

Ալեն Սիմոնյան. - «Բան չուներ խոսելու։ Հո գողացված բենզինից չէ՞ր խոսելու Սերժ Սարգսյանը։ Կամ գողացված ձայների ընտրությունների ժամանակ, էն կոռուպցիայից, որ իր ժամանակ տիրել է։ Չգիտե՞ս ինչի մասին խոսես, խոսիր Արցախից։ Քաղաքական գործընթաց, քաղաքական միտք այդ տեքստի մեջ որևիցե մեկը թող չփնտրի երկարատև դադարից հետո խոսքի մեջ։ Ակնհայտ էնտեղ մտածում է, թե ինչի մասին խոսի, և խոսում է մի բանի մասին, որի մասին միշտ կարելի է խոսել և լավը թվալ։ Կարծում եմ, տեղին չէր։ Ավելի լավ է խոսեր այն բանի մասին, ինչը վերաբերվում էր դատին»։

Նախկին իշխանական Հանրապետականը պաշտոնաթող նախագահի մեղադրանքը «շինծու» է որակել, քրեական գործը՝ պատվիրված:

«Ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց»։ Սա մեջբերում էր ՀՀԿ ղեկավար մարմնի՝ գործադիրի՝ դատավարությունից առաջ տարածած հայտարարությունից։

Ալեն Սիմոնյանը խորհուրդ է տալիս նախկիններին իրենց ՀՀԿ-ի հետ չշփոթել․ - «Եթե ինչ-որ տենց բան լիներ, ցուցումով քրեական գործ հարուցելու ցանկություն լիներ, հաստատ այս փոքր գործի հետ կապված չէր լինի այդ հարուցված գործը։ Դրա առիթները այնքան շատ կան, որ եթե մեկ ցուցումով ինչ-որ բան լինի անելու, կարվեր։ Իրենց չափանիշներով, հայելու մեջ նայելով՝ իրենք պատկերացնում են, որ մենք նույն ձևի իշխանություն ենք, ինչ ձևի իրենք են եղել։ Չարաչար սխալվում են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG