Մատչելիության հղումներ

Էրդողան. «Ղարաբաղը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է»


Ադրբեջանի մայրաքաղաքում պետական և զինվորական պատիվներով են ընդունել Թուրքիայի նախագահին, Բաքու, 25 փետրվարի, 2020թ.
Ադրբեջանի մայրաքաղաքում պետական և զինվորական պատիվներով են ընդունել Թուրքիայի նախագահին, Բաքու, 25 փետրվարի, 2020թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձր մակարդակով խորհրդի 8-րդ նիստին:

Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքիայի գործադիր իշխանության գրեթե ամբողջ վերնախավն է:

Նախագահին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրաթ Կուրումը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, երիտասարդության և սպորտի հարցերով նախարար Մեհմեթ Մուհարամ Քասանօղլուն, ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը, նախագահի գրասենյակի կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը, մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Թուրք բարձրաստիճան ղեկավարներին նախագահ Իլհամ Ալիևի նստավայրում դիմավորել են պետական և զինվորական պատիվներով:

Ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմավարական համագործակցության բարձր մակարդակով խորհրդի նիստի օրակարգում երկկողմ հարաբերությունների ընդարձակումն է:

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկելու են տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Այցի նախօրեին Էրդողանն ասել է, թե Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ուղղություններով են զարգացնում հարաբերությունները. - «Երկու երկրներն ունեն պատմական, քաղաքական և տնտեսական սերտ կապեր: Թուրքիան ցանկանում է ավելացնել առևտրի շրջանառությունն Ադրբեջանի հետ»,- նշել է Էրդողանը:

Կողմերն արդեն ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, առևտրի, պաշտպանության, սպորտի և այլ ոլորտներում համագործակցությունը խթանելու մասին, բացի այդ, թուրքերն ու ադրբեջանցիները կնքում են 15 ապրանքատեսակներ փոխադարձ հարկերից ազատելու և արտոնյալ առևտրի պայմաններ ապահովելու փաստաթուղթ:

Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության բարձր մակարդակով 8-րդ խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել համատեղ ասուլիս, որի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ղարաբաղյան թեմային. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է: Մեր գլխավոր նպատակն է հասնել այնպիսի կարգավորման, որը կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:

Նա ասել է նաև. - «Վաղը բոլորս հարգանքի տուրք ենք մատուցելու Խոջալուի կոտորածի զոհերի հիշատակին, դա մարդկության պատմության սև էջն է, մենք խստորեն դատապարտում ենք 28 տարի առաջ տեղի ունեցած այդ հրեշավոր հանցագործությունը»:

Իլհամ Ալիևն, իր հերթին, շեշտել է, թե Ադրբեջանի իշխանությունը և ժողովուրդը մշտապես սատարում են Թուրքիային. - «Մեր միությունը հավերժ է»,- նշել է Ալիևը:

XS
SM
MD
LG