Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները Բաքվում հանդես են եկել հայտարարություններով


Բաքու, 10-ը հուլիսի, 2018 թ․
Բաքու, 10-ը հուլիսի, 2018 թ․

«Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում, և առաջիկայում Բաքուն Թուրքիայից նոր սպառազինություն ձեռք կբերի»: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո:

Էրդողանը Բաքու է մեկնել այսօր: Սա Թուրքիայի առաջնորդի առաջին արտասահմանյան ուղևորությունն է երկրի նախագահի պաշտոնը վերստանձնելուց հետո: Ավանդույթի համաձայն՝ թուրք ղեկավարներն իրենց առաջին պաշտոնական այցերը կատարում են Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան, իսկ ադրբեջանցի ղեկավարները՝ Թուրքիա։

Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից բարձրաստիճան հյուրն ուղևորվել է Բաքվի ադրբեջանցի և թուրք նահատակների ծառուղի, որտեղ հարգանքի տուրք է մատուցել զոհված զինվորների հիշատակին, ապա գնացել է նախագահական նստավայր, որտեղ հիշեցրել է Հեյդար Ալիևի խոսքերը՝ «Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բնութագրվում են որպես մեկ ազգ, երկու պետություն»:

«Քայլերը, որոնք մենք Ադրբեջանի հետ ձեռնարկում ենք էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, մեծ նշանակություն ունեն»,- Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Էրդողանը՝ որպես հաջողված համատեղ նախագիծ մատնանշելով Հայաստանը շրջանցող TANAP գազատարը: Դրա գործարկմամբ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասնում է Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

«Այդ նախագիծը ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան է իրար կապում, այլև Ադրբեջանն ու Եվրոպան: Դա նաև ռազմավարական ներդրում է մեր եղբայրությունում: Աշնանը մենք կիրականացնենք նոր ներդրումային նախագծեր»,- Բաքվում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Թուրք առաջնորդը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ իր քաղաքական թիվ մեկ հակառակորդ, Թուրքիայում զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլա Գյուլենի հետևորդների դեմ պայքարելու համար: Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի պահանջով փակել են երկրում գործող տասնյակ ուսումնական հաստատություններ, որոնք ֆինանսավորվում էին Գյուլենի անվան հետ կապվող հիմնադրամների կողմից: Գյուլենական կազմակերպությունները, այդ թվում՝ կրթական, մշակութային հաստատությունները, Անկարան ահաբեկչական կառույցներ է հռչակել:

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին: «Թուրք-ադրբեջանական բարեկամությունն ու եղբայրությունն անխախտ է և հավերժ: Այս այցը մեր միասնության ևս մեկ դրսևորում է» ,- ասել է Ալիևն ու ավանդույթի համաձայն պնդել՝ Ղարաբաղի հարցում Թուրքիան Ադրբեջանի կողքին է: «Հայաստանը պետք է իրականացնի ՄԱԿ-ի բանաձևերը, ազատագրի ադրբեջանական հողերը »,- վերջին 24 ժամերի ընթացքում արդեն երկրորդ անգամ հայտարարել է Իլհամ Ալիևը:

Երեկ էլ կառավարության անդամների հետ հանդիպմանն էր Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե Բաքուն շարունակելու է Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել իր զորքը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Բաքվի նախաձեռնած մեկուսացման քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի տնտեսության անկմանը և 2016 թ․ ապրիլին հայկական կողմի «ռազմական պարտությանը»: Ալիևի պնդմամբ՝ այդ քաղաքականությունը նաև Սերժ Սարգսյանի ռեժիմի տապալման պատճառ է դարձել:

Ադրբեջանի նախագահն այդ հանդիպման ժամանակ նաև հույս է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի «քրեական ռեժիմի սխալները» և կառուցողական դիրքորոշում կորդեգրի հակամարտության կարգավորման հարցում:

«Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա այս հարցի լուծման ընդամենը մեկ ճանապարհ կա՝ զավթիչ ուժերը պետք է դուրս բերվեն զավթված տարածքներից: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը պետք է իրականացվեն»,- հերթական անգամ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG