Թուրքիայի նախագահը երեկ հայտարարել է, թե մարտի 5-ին հանդիպելու է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին` քննարկելու Իդլիբում ստեղծված իրավիճակը, ուր այժմ երկու երկրների զինված ուժերը փաստացի միմյանց դեմ են դուրս եկել` պաշտպանելով հակադիր ճամբարների:
Սիրիայի կառավարական բանակը` ռուսների աջակցությամբ, տարեսկզբից պայքարում է Իդլիբը գրավելու համար, որը ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է: Թուրքիան, իր հերթին, աջակցում է Ասադի ընդդիմադիրներին: Երեկ, երբ Ասադի զորքերը` ռուսների օգնությամբ, փորձել են առաջ տանել դիրքերը, թուրքական բանակը ևս մեկ զինվոր է կորցրել: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Իդլիբի շուրջ շարունակվող մարտերում թուրքական բանակի 16 զինվոր է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը` վիրավորվել:
Էրդողանն ավելի վաղ պնդել էր, թե վրեժխնդիր են լինելու կորուստների համար, երեկ էլ պնդել է` Պուտինի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր դիրքորոշումը: Մարտին նախատեսված հանդիպմանը ներկա կլինեն նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները: