Այսօր Միացյալ Նահանգներում մեկնարկում են ներկուսակցական ընտրությունները, որոնց ընթացքում Դեմոկրատական կուսակցության աջակիցները կորոշեն նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակցի անունը:
Ըստ ավանդույթի՝ առաջինը հատուկ կազմակերպված ժողովների ընթացքում իրենց կարծիքը կհայտնեն Այովա նահանգի ավելի քան 600 հազար դեմոկրատ ընտրողները:
Վերջին սոցհարցումների համաձայն՝ Այովայում հիմնական պայքարն ընթանում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսի միջև:
Նախընտրական վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի ընտրողները պետք է անեն հնարավորը Թրամփի վերընտրությունը կանխելու նպատակով:
«Այս ընտրություններին մասնակցությունը կարևոր է ոչ թե իմ մասնակցության, այլ այն իրողության պատճառով, թե ով է այսօր զբաղեցնում նախագահի պաշտոնը: Մենք մեր քվեարկությամբ կարող ենք Թրամփի քառամյա պաշտոնավարումը վերածել պատմական մի մոլորության: Բայց եթե նրան ութ տարի պաշտոնավարելու հնարավորություն տրվի, ապա դա այս երկիրն այնպիսի փոփոխությունների կենթարկի, որոնք հանդուրժել մենք պարզապես չենք կարող», - ասում էր Բայդենը: