Մատչելիության հղումներ

Այսօր Լաս Վեգասում կկայանա դեմոկրատ թեկնածուների բանավեճը, որին առաջին անգամ կմասնակցի Բլումբերգը


ԱՄՆ - Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգ, արխիվ
ԱՄՆ - Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգ, արխիվ

Փետրվարի 22-ին Նևադայում կայանալիք դեմոկրատական ներկուսակցական ընտրություններից` փրայմերիներից հաշվված օրեր առաջ հստակորեն սկսում է ուրվագծվել առաջատարների խումբը:

NBC հեռուստաընկերության և WSJ թերթի համատեղ հետազոտության համաձայն՝ դեմոկրատական ընտրարշավի միանձնյա առաջատարի դիրքին է հավակնում Վերմոնթից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը:

Երեքշաբթի ուշ երեկոյան հրապարակված հարցման արդյունքներով՝ Սանդերսի օգտին պատրաստ է քվեարկել դեմոկրատ ընտրողների 27 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցն այս պահին նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն է, որի վարկանիշը, սակայն, ըստ ամերիկացի սոցիոլոգների, չի գերազանցում 15 տոկոսը: Հետազոտության հեղինակները նշում են, որ Նյու Հեմփշիրի և Այովայի փրայմերիներում արձանագրած անմխիթար արդյունքներից հետո Բայդենի վարկանիշը սրընթաց անկում է արձանագրում` մեկ ամսում այն նվազել է 11 տոկոսով:

Ինքը նախկին փոխնախագահը, այդուհանդերձ, խորհուրդ է տալիս վաղաժամ հետևություններից զերծ մնալ:

«Մենք դեռ չենք լսել ասիական և խաղաղօվկիանոսյան ծագում ունեցող, ինչպես նաև իսպանախոս ընտրողների 99 տոկոսի տեսակետը: Մենք չգիտենք, թե այս ընտրությունների մասին ինչ է մտածում աֆրոամերիկացի ընտրողների 95 տոկոսը: Անհեթեթ է շրջանառվող այն գաղափարը, թե ներկուսակցական ընտրությունների արդյունքները կարելի է կանխորոշված համարել մինչև այս խմբերի քվեարկության մեկնարկը», - նշում էր Բայդենը:

Հարցումները, մինչդեռ, վկայում են, որ նախկին փոխնախագահի վարկանիշն անկում է ապրում նաև փոքրամասնությունների շրջանում: NBC-ի և WSJ-ի տվյալներով՝ Բայդենի օգտին քվեարկելու հակված աֆրոամերիկացիների թիվը մեկ ամսում նվազել է 14 կետով` 52 տոկոսից հասնելով 38-ի:

Նույն հետազոտության համաձայն՝ ընտրարշավի ամենադրական դինամիկան այս պահին արձանագրում է Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը: Դեմոկրատ ընտրողների շրջանում նրա վարկանիշը հունվարից աճել է ավելի քան 5 տոկոսով` գրեթե հավասարվելով Բայդենի ցուցանիշին: Սոցիոլոգներն արձանագրում են, որ արդեն հստակորեն տեսանելի է աֆրոամերիկացի ընտրողները հոսքը Բայդենի ճամբարից դեպի Բլումբերգ: Վերջին ամսում աֆրոամերիկացիների շրջանում Բլումբերգի վարկանիշը կրկնապատկվել է` հասնելով 18 տոկոսի: Փրայմերիներում գործող կանոնների համաձայն՝ վարկանիշի նման աճը հնարավորություն է տվել Բլումբերգին մասնակցել այսօր երեկոյան Լաս Վեգասում կայանալիք թեկնածուների բանավեճին, որ կազմակերպել են NBC News և MSNBC հեռուստաընկերությունները:

Նևադայի ընտրություններում, այդուհանդերձ, Բլումբերգի անունը քվեաթերթիկներում չի լինի: Միլիարդատեր թեկնածուն որոշել է ընտրողների քվեների համար պայքարի մեջ մտնել մարտի 3-ից` այսպես կոչված «Սուպերերեքշաբթիից» սկսած, երբ տեղամասեր կգնան միանգամից 14 նահանգների դեմոկրատ ընտրողները:

Բլումբերգի հաջողությունները, սակայն, արժանանում են մյուս դեմոկրատ թեկնածուների կոշտ հակազդեցությանը:

Ընտրարշավի առաջատար Բերնի Սանդերսը, օրինակ, համոզված է` Բլումբերգը, ինչպես և Թրամփը 2016-ին, օգտագործում է իր անձնական կարողությունը ընտրություններում հաջողության հասնելու համար:

«Մենք այսօր դիմում ենք այն միլիարդատերերին, որոնք հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսում այս կամ այն թեկնածուին աջակցելու նպատակով, որոնք ներկայացնում են հարուստ և ազդեցիկ շրջանակների շահերը: Մենք դիմում ենք [Նյու Յորքի նախկին] քաղաքապետ Բլումբերգին` ձեզ չի հաջողվի գնել այս ընտրությունները», - անցած գիշեր հայտարարում էր Բերնի Սանդերսը` դիմելով Վաշինգտոն նահանգի Թաքոմա քաղաքում հավաքված իր հազարավոր կողմնակիցներին:

Մայքլ Բլումբերգի շտաբում էլ հայտարարում են, որ իրենց թեկնածուի գլխավոր մրցակից են համարում Դոնալդ Թրամփին և մյուս դեմոկրատ թեկնածուների հետ բանավեճի մեջ մտնելու ցանկություն առայժմ չունեն:

Թրամփից իր տարբերությունն ընդգծելու համար Բլումբերգը երեկ նաև հայտարարեց, որ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է վաճառել իրեն պատկանող Bloomberg LP ընկերությունը: Ֆինանսական կորպորացիների և լրատվամիջոցների միաձուլում ներկայացնող այս կառույցը նախորդ տարի Մայքլ Բլումբերգին 10 միլիարդ դոլարի եկամուտ էր ապահովել:

XS
SM
MD
LG