Մատչելիության հղումներ

«Բանակում պաշտոնանկությունները ժամանակավոր էֆեկտ կտան». ցույց կառավարության դիմաց


Բանակի խնդիրները միայն պաշտոնանկություններով հնարավոր չէ լուծել, այսօր Կառավարության առաջ կազմակերպված բողոքի ցույցին ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Թեև երեկ Զինված ուժերից երկու բարձրաստիճան պաշտոնյա հեռացվեց, սակայն իրավապաշտպանը դա բավարար չի համարում:

Այս տարվա առաջին մեկուկես ամիսների ընթացքում բանակում, հիշեցնենք, ոչ մարտական պայմաններում արդեն 13 զինծառայող է մահացել։ Իրավապաշտպաններն այս ընթացքում իշխանություններից պահանջում են քայլեր ձեռնարկել բանակում ողբերգական միջադեպերը բացառելու համար:

«Խնդիրը համակարգային է, այո, պիտի համակարգն ընդհանուր վերափոխվի, բայց նաև պիտի լինեն պատասխանատվության ենթարկվող, կոնկրետ անհատական պատասխանատվության ենթարկվող անձինք», - կարծում է նա։

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց Ալեքսան Ալեքսանյանին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի և Արթուր Բաղդասարյանին Ռազմական ոստիկանության պետի պաշտոններից ազատելու հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

«Շատ կարճ ժամանակով կարող են դրական էֆեկտ տալ, շատ կարճ ժամանակով։ Մինչև որ նոր նշանակվածները կտեղավորվեն, կդասավորվեն, իրենցից պահանջող ոչինչ չի լինի, իրենք էլ բնականոն հունով, ինչպես որ տասնամյակներ շարունակ ընդունված է եղել այդ պաշտոնում աշխատելը, տենց էլ կշարունակեն, եթե նախկինները պատասխանատվության չենթարկվեն։ Լավ, մարդուն ինչո՞ւ են հեռացնում աշխատանքից, հեռացնում են, որովհետև ինքն իր պարտականությունները ճիշտ չի կատարել, եթե ճիշտ չի կատարել, ուրեմն պատասխանատվության ենթարկեք այդ մարդուն»:

Ի դեպ, դեռ 2016-ին, ըստ «Հետքի» հրապարակած «Գեներալ Ալեքսանյանը, նրա «անտեսանելի» եղբայրն ու չեխական կազինոն» հոդվածի՝ Ալեքսան Ալեքսանյանի եղբայրը բազմաթիվ ընկերություններ է հիմնել ոչ միայն Հայաստանում, այլև Չեխիայում և այդ երկրում անշարժ գույքի և բիզնեսի խոշոր սեփականատեր է:

Օրեր շարունակ իրավապաշտպաններն ու մի խումբ քաղաքացիներ պահանջում են հանդիպում վարչապետի և ուժային կառույցների ղեկավարների հետ։ Այս պահանջով այսօր նրանք կրկին հավաքվել էին կառավարության դիմաց։

«Պահանջում ենք՝ հնարավորություն ստեղծվի, որ այս բոլոր գործերի և մնացած բոլոր այլ գործերի այն ծնողների, ովքեր չեն կարողանում կամ չեն ուզում գալ դուրսը պայքարելու, իրենց գործերով ցույց տանք, թե ինչ վիճակ է քրեական գործերով զինվորների, ինչպես են կոծկվում այդ քրեական գործերը, այդ ինչպե՞ս են ցույց տալիս 97 տոկոս բացահայտում, իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանը նրանց մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում մենք ունենում ենք նոր զոհեր: Եթե գործերը նորմալ բացահայտվեն, մենք այս զոհերն իրականում չէինք ունենալու», - նշեց Կարապետյանցը:

Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս Կառավարության շենքի առջև էին տարիներ առաջ բանակում կրկին խաղաղ պայմաններում որդիներին կորցրած ծնողները: Նրանք ևս հանդիպում էին պահանջում վարչապետի հետ։ Սևազգեստ մայրերից շատերն արդեն 10 տարի է՝ նոր քննություն են պահանջում՝ իրենց զավակների մահվան հանգամանքները պարզելու համար. - «Մենք ինքներս մեր քրգործերը տեղեկացնենք իրեն, անգիր գիտենք արդեն։ Ասում են՝ ծնողները էմոցիոնալ խոսում են։ էմոցիոնալ չենք խոսի, կխոսենք իրավաբանների նման։ Մենք արդեն իրավաբաններ ենք դառել։ Մենք մեր գործերն իրավաբանորեն կներկայացնենք, բայց ուզում ենք, որ Փաշինյանի մոտ ներկա գտնվեն և՛ գլխավոր դատախազը, և՛ Քննչական կոմիտեի նախագահը, և՛ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ինքը պիտի իջնի բոլոր սպանված զինվորների ծնողների մոտ: Մեկ առ մեկ պիտի լսի՝ խնդիրն ինչումն է: Կարող է իր ականջին ինչ-որ ստեր են լցնում, ոչ», - ասում են նրանք:

Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանն ասաց, որ որդեկորույս մայրերի պահանջը փոխանցել է վարչապետին։ Վերջինս նշել է, որ ամենայն հավանականությամբ հանդիպում տեղի կունենա. - «Ասացի, որ սևազգեստ մայրերն են այստեղ, ասացի, որ այսպիսի բան կա, ասաց՝ գիտեմ, տեղյակ եմ, ամենայն հավանականությամբ ենթադրում եմ, որ հանդիպում տեղի կունենա, այսօր դժվար»:

Ի դեպ, այսօր Հայաստանի գլխավոր դատախազը և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը քննարկել են Զինված ուժերում վերջին շրջանում տեղ գտած արտակարգ դեպքերն ու զորքերում կարգապահության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

XS
SM
MD
LG