Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ արվեցին ՌՈ պետը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը


ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ
ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրեց Ալեքսան Ալեքսանյանին Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի և Արթուր Բաղդասարյանին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոններից ազատելու հրամանագրերը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

Վարչապետի առաջարկները նախագահն ստացել էր երեկ երեկոյան։

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Զինված ուժերում վերջին մեկուկես ամսվա ընթացքում մահվան 13 դեպքերի հետ կապված։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ քննարկման արդյունքում կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը չհստակեցրեց, թե արդյոք Զինված ուժերում պաշտոնանկությունները շարունակվելու են. - «Եթե նոր կադրային փոփոխություններ լինեն, ապա հանրությունը այդ մասին կտեղեկանա պատշաճ ժամկետներում»։

Մամուլում շրջանառվում են նաև Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը։

Սակայն Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը դեռ չի հաստատում. - «Արցախի պաշտպանության նախարարի հրաժարականը ստորագրում է Արցախի Հանրապետության նախագահը։ Եթե այդպիսի բան լինի, մենք կտեղեկացնենք հանրությանը։ Այս պահի դրությամբ ես չունեմ այդպիսի տեղեկություն»։

Բաբայանը նաև ասաց. - «Ես միշտ դեմ եմ եղել, որ որևէ մեկին քավության նոխազ դարձնեն։ Այն, որ ճիշտ են կադրային փոփոխությունները, միգուցե կտրուկ և այլն, իհարկե սրա մասին խոսք չի գնում։ Բայց խոսքը գնում է նրա մասին, որ պետք է իսկությունը իմանանք, պետք է այնպես անենք, որպեսզի կեղտը չխառնենք լավի հետ և ցույց տանք որպես իրականություն»։

Ալեքսան Ալեքսանյանը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2019 թվականի նոյեմբերի 28-ին, իսկ Արթուր Բաղդասարյանը Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում՝ 2017 թվականի մայիսի 25-ին։ Ի դեպ, Բաղդասարյանը վերջերս, մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 24 -ին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

«Ազատության» հարցին, թե ինչպես է ստացվում, որ բարձր կոչում ստացած զինվորականը կարճ ժամանակ անց պաշտոնանկ է արվում, Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. - «Զուտ ընթացակարգի առումով կարող եմ ասել, որ կոչում ստանալը դա ինչ-որ առանձնահատուկ խրախուսանք չէ։ Կոչումը տվյալ հաստիքին համապատասխանող զինվորական ստատուսի հարցն է։ Այսինքն այդ պաշտոնը գերենալ-մայորի զինվորական կոչման հաստիքին հավասար է։ Եթե մարդը ծառայում է տվյալ վարչության, տվյալ բաժնի ղեկավար և իր վարչության ղեկավարի պաշտոնի հաստիքացուցակով կոչումը հավասար է գերենալի, կամ գեներալ-մայորի, կամ գեներալ-լեյտենանտի, կամ գեներալ-գնդապետի, ապա ժամկետը լրանալու պարագայում ինքը ստանում է իր կոչումը՝ եթե չունի կոնկրետ տվյալ պահին առարկայական խախտում»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում օրինագծը զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար նախատեսված պատժի խստացման վերաբերյալ անցած ամիս ընդունվեց, կարծում է, որ բանակում կուտակված խնդիրները միայն պաշտոնանկություններով հնարավոր չէ լուծել. - «Ես կարծում եմ, որ այս պահին նույնիսկ եթե բոլորը միասին հրաժարական տան, այդ խնդիրները չեն լուծվելու։ Այնքան համակարգային կուտակված, մետաստազների նման տարածված խնդիրներ կան, որ դրանք, ցավոք սրտի, այլևս հրաժարականներով վերականգնելի չեն»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ ավելի կարևոր են համակարգային փոփոխությունները և այն, թե ովքեր են գալու հեռացողների փոխարեն. - «Կարևորը հետագա նշանակումները ինչպիսին են լինելու։ Նախ մենք դեռ ունենք այդ վատ սովորությունը, որ մարդկանց աշխատանքից ազատում են, բարձրաստիճան պաշտոնյաների, և չի տրվում որևէ բացատրություն՝ թերացման կամ կոնկրետ այս խնդրի համար այս մարդուն հեռացրեցինք։ Ու այստեղ անձերի խնդիրը չէ, որովհետև եթե համակարգը մնում է նույնը, բայց տեղը գալու են նոր անձինք՝ առանց համակարգը փոխելու տեսլականի, մենք ունենալու ենք նույն պատկերը։ Շատ ավելի կարևոր է, որ նոր նշանակվող մարդիկ, ովքեր կլինեն, լինեն համակարգաստեղծ, լինեն ռեֆորմիստներ։ Կառավարությունը արդեն մեկ տարի է, ընտրություններից հետո տարուց ավել անցել է, որևէ ոլորտում, այդ թվում և բանակաշինության ասպարեզում որևէ լուրջ ռեֆորմի նույնիսկ տեսլական չկա»։

Թե ովքեր են փոխարինելու Ալեքսան Ալեքսանյանին և Արթուր Բաղդասարյանին, դեռ հայտնի չէ:

Զինված ուժերում սպասվող պաշտոնանկությունների մասին հայտնի դարձավ փետրվարի 17-ին, երբ Կառավարությունում քննարկում տեղի ունեցավ բանակում վերջին մեկուկես ամսվա ընթացքում տասից ավելի մահվան դեպքերի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր այդ քննարկումից հետո տեղեկացրել, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG