Նախագահ Արմեն Սարգսյանը Զինված ուժերից երկու պաշտոնյաների ազատելու առաջարկ է ստացել վարչապետից: Ինչպես հայտնեցին նախագահականից, նրանք են՝ Հայաստանի ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:
Նախագահը առաջարկն ստացել է երեկ երեկոյան և համապատասխան հրամանագրերը կարող է ստորագրել եռօրյա ժամկետում, իսկ չստորագրելու դեպքում՝ իր առարկություններով վերադարձնել վարչապետին։
Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ քննարկման արդյունքում կայացվել են կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ։
2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը, ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, «որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ», մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են: