Մատչելիության հղումներ

«Տարիներ շարունակ սպայի ինստիտուտը թուլացրել ենք բանակում», - ընդգծում է «Իմ քայլ»-ի պատգամավորը


Երեկ պաշտոնանկ արվեցին Ռազմական ոստիկանության պետը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։

Երկուշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի էր ունեցել խորհրդակցություն Զինված ուժերում վերջին մեկուկես ամսվա ընթացքում մահվան 13 դեպքերի հետ կապված, ինչից հետո վարչապետը գրել էր, որ կայացվել են մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ։

Շարունակվելու են արդյոք կադրային փոփոխությունները, թե՝ ոչ, այս մասին տեղեկություններ դեռ չկան։

Իսկ ինչպե՞ս են բարելավելու մթնոլորտը այս հրաժարականները։ «Ազատություն»-ը նաև այս հարցն է ուղղել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին։

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Կոնկրետ այս երկու պաշտոնյաների փոփոխությունը ինչպե՞ս է նպաստելու բանակում մթնոլորտի բարելավմանը։

Տիգրան Կարապետյան. – Գիտե՞ք, պաշտոնանկությունով կամ մեկ-երկու պաշտոնանկությունով կամ ընդհանրապես պաշտոնանկությունով չի լուծվելու էս խնդիրը, էս խնդիրը, ընդհանրապես խնդիրը, էս խնդրին բախվում են աշխարհի բոլոր բանակները։ Ես նախ կցանկանայի նաև ձեր եթերում նշել, որ չարժե և պետք չէ անընդհատ թիրախավորել բանակը և անընդհատ մեղավորությունը բարդել բանակի վրա, որովհետև, գիտե՞ք, մեր բանակը տասնամյակով խրամատում գտնվող բանակ է։ Սա ունիկալ՝ բացասական առումով, իհարկե, ունիկալ երևույթ է, երբ տասնամյակով գտնվում է խրամատում։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք անելիք չունենք, սա չի նշանակում, որ մենք քայլեր չպիտի ձեռնարկենք։

«Ազատություն». – Գլխավոր շտաբը օրերս մանրամասնեց, որ հունվարի 1-ից հետո տեղի ունեցած մահվան այս 13 դեպքերից 4-ը դժբախտ պատահարների հետևանք է, 4-ը պայմանավորված է ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Հատկապես առողջական խնդիրների, այսինքն՝ հիվանդությունների վերաբերյալ է հարցս. ի՞նչ պետք է արվի, որ վերջապես ունենանք էնպիսի իրավիճակ, որ Զինված ուժեր ծառայության չմեկնեն մարդիկ, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ, եթե սա էդպիսի դեպք է։

Կարապետյան. – Էս մասով մենք նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ պայմանավորվեցինք, որ համապատասխան մասնագետներ կներգրավվեն և՛ Զինված ուժերի կողմից, և՛ հանձնաժողովի կողմից, և՛ առողջապահության մասնագետներ՝ էս հարցը նորից քննարկելու, որովհետև օրենքում տարբեր տարիների տարբեր փոփոխություններ են կատարվել, տարբեր հիվանդություններ ներառվել են, բացառվել են, և էստեղ, իհարկե, երբ վիճակագրությանն ենք նայում էս մասով, չնայած յուրաքանչյուր, իհարկե, հայ զինվորի կյանք մեզ համար շատ թանկ է, բայց, իհարկե, Գլխավոր շտաբի պետը ներկայացրեց 4 դեպքերի մասով, բայց այնտեղ այնպես չի, որ էդ մարդիկ զուտ էդ հիվանդության պատճառով զորակոչված լինելու հանգամանքով է պայմանավորված նրանց դեպքը։

«Ազատություն». – 4 դեպքն էլ նշվում է, որ դժբախտ պատահարի հետևանք է։ <…> Հայտնի է արդեն նախկին տարիների փորձից, որ հաճախ ավտովթարներ են լինում, երբ բեռնատար մեքենաներ են օգտագոործվում զինվորներին տեղափոխելու համար։ Այ սրա հետ կապված քննարկում ունեցե՞լ եք, ի վերջո կարելի՞ է ունենալ բանակ, որտեղ մի օր սկսեն լրջորեն պահպանել անվտանգության կանոնները։

Կարապետյան. – Տեսեք, բանակում կատարվող ցանկացած դրական ռեֆորմ ինքը որոշակի խնդիրներ է լուծում։ Օրինակ՝ Ձեր նշած խնդիրը, պատահարների մի մասն էլ պայմանավորված է եղել նաև մեքենաների անսարք լինելով կամ և այլն։ Դուք տեղյակ եք, որ 2019-ին մեր բանակը աննախադեպ ծավալի սպառազինություն է ձեռք բերել, և էդ սպառազինության մասը՝ էն մասը, որը նշվեց, և կա մաս, որ չի նշվել, այնտեղ կա նաև նոր բեռնատարների ձեռքբերում։ Աննախադեպ քանակի՝ էս բառը ես չէի վախենա ասել, աննախադեպ քանակի նոր բեռնատարներ են ձեռք բերվել բանակի համար՝ լրիվ նոր։ Պայմանագրային վարորդներ ավելի շատ պետք է երևի ներգրավվեն, էստեղ նաև որոշակի վարձատրության հետ կապված խնդիրներ ունենք, որ ավելի գրավիչ դառնա պայմանագրային ծառայությունը։ Զինվորների, սպայական կազմի հետ խնդիր ունենք, էս մասին ես չնշեցի, մենք սպայի ինստիտուտը թուլացրել ենք բանակում՝ տարիներ շարունակ, որոշակի խնդիրներով պայմանավորված, և այլն։ Էստեղ նույնպես Գլխավոր շտաբի պետի հետ մենք ֆիքսեցինք էս խնդիրը։

«Ազատություն». – Գլխավոր շտաբի պետը համաձայն է, այսինքն՝ կիսում էր այս տեսակետը։

Կարապետյան. – Միանշանակ Գլխավոր շտաբի պետը կիսում է, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են՝ վարձատրության, սոցիալական խնդիրներ լուծելու հետ կապված, մենք բազմաթիվ քայլեր արել ենք, այդ թվում՝ բնակարանների ապահովում, և այլն, և այլն, և այդ քայլերը շարունակական են լինելու, էստեղ երկրորդ կարծիք չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG