Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինված ուժերի գործողության մեկնարկը ժամանակի հարց է, եթե սիրիական բանակը առաջիկա օրերին չհեռանա այդ տարածքներից:
Նա նշել է, որ Անկարան սեփական գործողությունների պլան է մշակել, իսկ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե վերջին զգուշացումն է անում:
Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները Անկարայի համար ցանկալի արդյունքներ չեն տվել: Բայց Թուրքիան ու սիրիական ընդդիմությունը վճռական են Իդլիբում անվտանգության գոտի ձևավորելու հարցում:
Էրդողանն այսօր խոսել է խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության հետ հանդիպմանը:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Էրդողանի հայտարարություններին, լրագրողներին ասել է, թե Մոսկվան կտրականապես դեմ է նման գործողությանը, և որ Ռուսաստանն ու Թուրքիան պահպանում են շփումները Իդլիբում իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար:
Իդլիբը Սիրիայի զինված ընդդիմության վերջին հենակետն է: Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար ալ-Ասադի բանակը վերջին շրջանում հարձակողական գործողությունների է անցել ռուսական օդուժի ավիահարվածների օժանդակությամբ:
Մարդու իրավունքների սիրիական ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերից սկսված սիրիական բանակի հարձակումների հետևանքով Իդլիբում մոտավորապես 400 մարդ է զոհվել, շուրջ 900 հազար բնակիչներ լքել են իրենց տները: Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում սա համարվում է առանձին գործողության հետևանքով տեղահանվածների ամենամեծ քանակը: