Չինական կորոնավիրուսի տարածման դեմ կատաղի պայքարը շարունակվում է:
Պեկինը միլիարդավոր դոլարներ է տրամադրում Հուբեյ նահանգում բռնկված վարակը զսպելու համար:
Առաջիկա օրերին պարզ կդառնա՝ վարակը կվերածվի՞ պանդեմիայի, թե՞ այնուամենայնիվ աշխարհը կգտնի դրա դեմն առնելու արդյունավետ միջոցներ:
Մինչդեռ, արևմտյան երկրների մասնագետները խստորեն քննադատում են պաշտոնական Պեկինի ներկայացուցիչներին կորոնավիրուսի հարցում դրսևորած վախկոտ և, ըստ էության, ամբողջ աշխարհին ծանր հետևանքներով սպառնացող գաղտնապահության համար:
Պեկինն առաջին շաբաթներին ստեր է տարածել և հալածել է ճշմարիտ պատկերը ներկայացնելու փորձ կատարող մասնագետներին:
Վարակի տարածումը զսպելու ամենակարևոր գործոնը ժամանակն է: Պարզվում է՝ դեռ դեկտեմբերի 30-ին ակնաբույժ Լի Վենլյանն առողջապահության ոլորտի աշխատողների սոցցանցով գործընկերներին գրել է, թե, իր համոզմամբ՝ Ուհանում սկսվում է հիվանդություն, որը նշաններով շատ է նման 2002 թվականին Չինաստանը պատուհասած սուր շնչառական ծանր ախտանիշին (SARS):
Օրեր անց ակնաբույժին և նրա 7 գործընկերներին կանչել են Ուհանում Չինաստանի գաղտնի ոստիկանության գրասենյակ և տեղեկացրել, որ նրանք կարող են դատապարտվել «սուտ տեղեկություններ տարածելու միջոցով բնակչության շրջանում խուճապ առաջացնելու» հոդվածով:
Բժիշկներից խոստովանական ցուցմունք են կորզել և ստիպել են ստորագրել մի փաստաթուղթ, որով պարտադրել են այլևս չտարածել որևէ տեղեկություն հնարավոր վարակի մասին:
34-ամյա ակնաբույժ Լի Վենլյանն ինքն է վարակվել կորոնավիրուսով, որը փոխանցվում է օդակաթիլային եղանակով: Հավանաբար, աղբյուրը նրա ակնաբուժական կաբինետի այցելուներից մեկն էր:
Վենլյանն անտեսել է գաղտնի ոստիկանության հնչեցրած սպառնալիքները և օտարերկրյա լրատվամիջոցներին՝ մասնավորապես բրիտանական BBC-ին տեղեկություններ է տրամադրել Ուհանում ստեղծված կացության մասին:
Փետրվարի 6-ին անկաբույժը մահացել է կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից:
Այդ ժամանակաշրջանում էլ Չինաստանի իշխանություններն արդեն սկսել են ակտիվ պայքարել վիրուսի դեմ և դրա մասին իրազեկել հանրությանը:
Եվ այնուամենայնիվ, Չինաստանը վատնել է մի կարևոր, հիրավի, անգին ռեսուրս, որի անունն է «ժամանակ»: Չէ՞ որ այդ նույն ակտիվ և ագրեսիվ միջոցները, այդ թվում՝ կարանտինը, հնարավոր էր նախաձեռնել առնվազն երկու շաբաթ ավելի վաղ:
Թե՛ ակնաբույժի մահը և թե՛ նրան լռեցնելու փաստը չափազանց զայրացրել է չինացիներին: Կառավարության անիմաստ և միանշանակ վնասակար գաղտնապահության քննադատությունը Չինաստանում հասել է աննախադեպ աստիճանի:
Նախագահ Սի Ծինփինի քննադատները նրա դիրքորոշումը համեմատում են 1986 թվականին Չերնոբիլի աղետի առաջին օրերին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի դրսևորած խուսափողական, երկչոտ և շփոթված կեցվածքի հետ:
Չերնոբիլի դեպքում էլ հետևանքներն այդչափ ծանր չէին լինի, եթե իշխանությունն առաջին իսկ պահին աղետի մասին իրազեկեր պատկան կառույցներին և բնակիչներին: