Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում աճել է ևս 143-ով և հասել 1523-ի։
Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն, փետրվարի 14-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ վարակը հաստատված է 66 հազար 492 մարդու մոտ, նրանցից 11 հազար 53-ի վիճակը ծանր է, 8 հազար 96 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Եվս 169 հազար մարդ, որոնք սերտ շփումներ են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ: Մահվան նոր դեպքերից 139-ը գրանցվել է վարակի օջախ Հուբեյ նահանգում: Այստեղ վարակվածների թիվը 54 հազար 406 է, մահացել են 1457-ը, բուժվել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4 հազար 774-ը:
Հաղորդվում է, որ նահանգում դեռ շաբաթներ առաջ հայտարարված կարանտինը խստացվել է:
Հիշեցնենք` նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։