Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մյունխեն՝ մասնակցելու Անվտանգության համաժողովին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բեռլինից ժամանեց Մյունխեն և քիչ անց կմասնակցի Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովի բացման արարողությանը:

Մյունխեն է ժամանել նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Որպես բանախոս նա ելույթ է ունենալու քվանտային քաղաքականությանն առնչվող քննարկման ժամանակ:

Հեղինակավոր այս միջոցառումը նույն հարկի տակ է հավաքել աշխարհի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների: Ավելի քան 50 տարի անցկացվող այս հավաքն աշխարհում անվտանգության ոլորտում թերևս ամենահեղինակավորն է: Այս անգամ Մյունխենում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, Ռուսաստանի, Իրանի արտգործնախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անգամ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու, այդ թվում` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչի, Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահը: Բացառված չէ Նիկոլ Փաշինյանի հետ ոչ պաշտոնական հանդիպումը, համենայնդեպս կապանյան վերջին ասուլիսում վարչապետը չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում, զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները:

Վաղը համաժողովի պանելային քննարկմանը Նիկոլ Փաշինյանը նաև ելույթ կունենա անվտանգության թեմայով:

Մինչև Մյունխեն մեկնելը՝ առավոտյան Բեռլինում վարչապետը այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղարի, տնտեսական ոլորտի այլ պաշտոնյաների հետ: Փաշինյանին Բեռլինում ընդունել են նաև Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում:

XS
SM
MD
LG