Մատչելիության հղումներ

Նիդերլանդները պաշտոնապես հայտնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտելու մասին


Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ
Հայաստանի և Եվրամիության դրոշները, արխիվ

Փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նիդերլանդների խորհրդարանի երկու պալատները 2019 թվականի դեկտեմբերին են վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Նիդերլանդները 20-րդ երկիրն է, որ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է փաստաթղթի վավերացման ընթացակարգերն ավարտելու մասին։ Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը։

XS
SM
MD
LG