«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Ստորև՝ հատված հարցազրույցից.
«Ազատություն». – Օգտատերերից մեկը հարցնում է՝ ճի՞շտ է մեկ կետ փոխելու համար հանրաքվե անցկացնել, իսկ մնացած կետերի համար ե՞րբ սպասեն հանրաքվեի։ Ձեր կարծիքով՝ սա այսքան մեծ քննարկման թեմա՞ է։
Ռուբինյան. – Նախ պետք է ասեմ, որ բնականաբար հանրաքվեի դրված է մեկ փոփոխություն Սահմանադրության, սակայն սա պարզապես մեկ կետ չէ։ Այն մարդիկ, ովքեր որ հետևել են Ազգային ժողովում քննարկմանը, պետք է որ տեսած լինեին, որ խոսքն, ըստ էության, Սահմանադրության ոգու վերականգնման մասին է և իրապես լեգիտիմ և վստահելի Սահմանադրական դատարան ունենալու մասին է։ Այսինքն՝ այո, փոփոխությունների դրված է մեկ հոդված, բայց մեկ հոդվածի փոփոխությունից կախված է շատ մեծ բան։ Երկրորդ հանգամանքը, որ կուզեի նշել, ընդհանրապես էդ մտայնությունը՝ «ինչո՞ւ եք մարդկանց տանում տեղամասեր», ես բացարձակ չեմ կիսում այդ մտայնությունն ընդհանրապես փիլիսոփայորեն, որովհետև ես համաձայն չեմ, որ մարդկանց համար տեղամաս գնալը, այսպես ասած, պատիժ է կամ ծանր բան է։ Հակառակը՝ ես շատ ուրախ եմ և կարծում եմ, որ մարդիկ նույնպես պիտի ուրախ լինեն, որ այս հարցը ևս լուծվելու է ժողովրդի կամարտահայտմամբ։ Ինչ վերաբերում է՝ երբ կլինեն մյուս փոփոխությունները, դրան շատ հստակ պատասխան կա` 2021 թվականին, որովհետև ինչպես, հայտնի է, մինչև այս գործընթացներն արդեն հայտարարվել էր հանձնաժողովի ստեղծման մասին, այսինքն սահմանադրական բարեփոխումների աշխատանքների համար ստեղծված հանձնաժողովի մասին, և այդ փոփոխությունները նախատեսված են 2021 թվականի համար։
«Ազատություն». - «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հենց «Ազատության» եթերում այսօր ասաց, որ՝ «ես հասկանում եմ, որ սա սահմանադրական հանրաքվեի ընտրություն չի լինելու, «այո»-«ոչ»-ի, այլ սա լինելու է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վստահության քվեարկությունը: Այստեղ զուգահեռներ տանելու ինչ-որ բան տեսնո՞ւմ եք՝ իրականում սա հերթական անգամ ընտրություն է, որ ցույց տա Փաշինյանը, թե ինչ ընտրազանգվա՞ծ ունի։
Ռուբինյան. – Այս հանրաքվեն հետևյալի մասին է՝ կա Սահմանադրական դատարան, որի շուրջ կա իրավիճակ, կա հանրային վստահության ցածր մակարդակ այդ դատարանի հանդեպ, կան հանգամանքներ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության, որի մասին հանգամանալից խոսել ենք Ազգային ժողովի նիստի ընթացքում, որոնք նույնպես խնդրահարույց են դարձնում ամբողջ իրավիճակը։ Սա հանրաքվե է, որը կոչված է խախտված Սահմանադրության ոգին վերականգնելուն, և՛ անկախ, և՛ անկաշկանդ, և՛ որակյալ Սահմանադրական դատարան ունենալուն։
<...>
Հանրաքվեում դրված չէ Հրայր Թովմասյանին հեռացնելու հարց, հանրաքվեում դրված է հետևյալ հարցը՝ փոխո՞ւմ ենք արդյոք Սահմանադրության այս հոդվածը։ Փոփոխության նպատակն է լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը, <...> վերականգնել Սահմանադրության խախտված ոգին, վերականգնել վստահությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ և ունենալ անկախ, կրկնում եմ՝ անկախ, և՛ իշխանություններից անկախ, և՛ նախկին իշխանություններից անկախ Սահմանադրական դատարան։
Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը՝ կա Հանրապետական կուսակցություն, կա Հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյան, Հանրապետական կուսակցությունը և Հրայր Թովմասյանը նախագծում են մի Սահմանադրություն, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի նախագահը պիտի պաշտոնավարի 6 տարով և ընտրվի Սահմանադրական դատարանի անդամների կողմից, դատավորների կողմից, և իրենք՝ նույն մարդիկ, անում են մի կոմբինացիա, որով Գագիկ Հարությունյանը իր ժամկետի լրանալուց կարծեմ երկու շաբաթ, օրեր շուտ հրաժարական է տալիս, և արդյունքում Հրայր Թովմասյանը՝ մարդը, որը պնդում էր, որ Սահմանադրական դատարանի նախագահը պիտի պաշտոնավարի 6 տարով, ընտրվում է Սահմանադրական դատարանի նախագահ գրեթե ցմահ։
Հիմա հարց՝ եթե մարդ, որը ասում է՝ «ես էդպես եմ կարծում», հետո իր կարծածը դնում է հանրաքվեի, հետո հանրաքվեն հաստատում է, և խախտում է իր իսկ երազած Սահմանադրական դատարանի տրամաբանությունը, ուրեմն՝ մենք գործ ունենք Սահմանադրության ոգու խախտման հետ։
«Ազատություն». – Իրավաբանները, օրինակ, Ռուբեն Մելիքյան, Ավետիք Իշխանյան, Լարիսա Ալավերդյան, ասում են, որ իրենց կոչին միացել է ևս 132 իրավաբան, և իրենք խնդրագիր են ուղարկել նախագահին՝ նշելով, որ փետրվարի 6-ին Ազգային ժողովում օրենսդիր մարմնի կայացրած հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ 132 իրավաբան սխալվո՞ւմ է։
Ռուբինյան. – Ես տեղյակ չեմ ում մասին է խոսքը, այսինքն ես չգիտեմ, չեմ տեսել այդ անունները, խոսքը 130-ի մասին է, ես կարող եմ ասել, որ Ազգային ժողովն իրացրել է իր լիազորությունները ամբողջովին իրավական ընթացակարգերի պահպանմամբ, և այստեղ չեմ կարծում, որ երկու կարծիք կարող է լինել։
«Ազատություն». – Նաիրա Զոհրաբյանը նաև ասում էր, որ ինքը չի ուզում, որ այս Սահմանադրական դատարանը, երբ որ կհամալրվի նոր կազմը, ինչպես տարիներ շարունակ եղել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կրունկի տակ, հիմա էլ հայտնվի Նիկոլ Փաշինյանի կրունկի տակ։
Ռուբինյան. – Ուրախ եմ, որ պոստ ֆակտում վերջապես տիկին Զոհրաբյանն արձանագրում է, որ Քոչարյանի ժամանակ Սահմանադրական դատարանը կրունկի տակ է եղել, բայց եթե ուզում ենք հասկանալ իշխանությունների մոտիվը, պետք է նայենք, թե մինչ այս ինչ են արել իշխանությունները նման կամ իրավիճակին մոտ իրավիճակներում։ Օրինակ՝ մենք ունենք դեպք, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած թեկնածուն, այսինքն՝ «Իմ քայլի» ներկայացրած թեկնածուները, որոնք ընտրվեցին այդ հանձնաժողովի անդամ, հետագայում ընտրեցին ոչ թե «Իմ քայլի» ներկայացրածների միջից, այլ ընդդիմադիրների միջից, նոր Ազգային ժողովը ընտրել է ընդամենը մեկ դատավոր Սահմանադրական դատարանի և դա Վահե Գրիգորյանն է։
«Ազատություն». – Պարոն Գրիգորյանն էլ ասում է, որ չի ուզում լինել ՍԴ-ի նախագահ։
Ռուբինյան. – Դա մեկ, այսինքն այն միֆը, որ իշխանությունները Վահե Գրիգորյանին ընտրել են, որ հետագայում ճնշեն և Վահե Գրիգորյանին դարձնեն Սահմանադրական դատարանի նախագահ, փլվում է։ Եթե համադրում ենք, ակնհայտ է դառնում, որ իշխանությունների մոտիվացիան մեկն է՝ մենք չենք ուզում ազատվել Հրայր Թովմասյանից կամ ՍԴ անդամներից, որովհետև չենք սիրում, մենք չենք ուզում ազատվել Սահմանադրական դատարանի անդամներից, որովհետև նրանք մեզ հարմար չեն, մենք ամենևին այդպիսի նպատակ չունենք։ Նպատակը հետևյալն է՝ ունենալ Սահմանադրական դատարան, որն ունի բարձր վստահություն, որը ցանկացած որոշում կայացնելիս կամ չկայացնելիս այդ որոշումը տարընթերցումների տեղիք չի տա։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.