Մատչելիության հղումներ

Երկու զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


Երեկ Արցախում զոհված ժամկետային երկու զինծառայողները՝ շարքային Տիգրան Մանվելյանն ու կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել են գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Արամ Ավետիսյանի փոխանցնմամբ, երկու դեպքով էլ քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ո՛չ իրավապահները, ո՛չ էլ Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունները այլ մանրամասներ չեն հաղորդում:

Այս տարվա մեկուկես ամիսների ընթացքում բանակում խաղաղ պայմաններում արդեն 10 զինծառայող է մահացել: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ արձանագրված դեպքերից 4-ը՝ ինքնասպանության, մեկը՝ դժբախտ պատահարի, մյուսը հիվանդության հետևանք էր։ Նախորդ շաբաթ էլ ձյան սողանքի հետևանքով երեք պայմանագրային զինծառայողներ մահացան: Եվս մեկ դեպք գրանցվեց փետրվարի 9-ին՝ Արցախի զորամասերից մեկի տարածքում անգիտակից վիճակում հայտնաբերվեց պարտադիր ժամկետային զինծառայող։ Վերջինս տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել էր նրա մահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում անդրադարձավ բանակում գրանցված մահվան դեպքերին։ Ասաց, որ այդ խնդիրը հասկանալու համար պետք է հասկանանք, թե մեր բակերում, դպրոցներում երեխաները միմյանց հետ ինչպես են շփվում. - «Մենք էստեղ է պետք ա մինչև գենետիկ մակարդակում էդ պրոբլեմը ախտորոշենք։ Եվ սա, իմ համոզմունքը, ես Պաշտպանության նախարարին էլ եմ ասել, շտաբի պետին էլ եմ ասել, օմ համոզմունքն էն ա, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից ա։ Կասկած ես չունեմ»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատում է, որ բոլոր ժամանակներում Հայաստանի ղեկավարները կամ ոլորտի պատասխանատուները բանակում առկա խնդիրների մասին խոսելիս հիմնականում մատնանշում են հասարակության մեջ առկա խնդիրները, որոնք նաև արտացոլվում են բանակում, ինչի հետ, իրավապաշտպանը համամիտ չէ. - «Որովհետև բանակը մի կառույց է, որը հատուկ օրենքով, հատուկ կանոնակարգով և հատուկ ռեժիմով կանոնակարգվող կառույց է, և այն ինչ-որ չափով մարդու իրավունքները սահմանափակող և փակ կառույց է, և այնտեղ վերահսկողությունը շատ ավելի բարձր է, քան հասարակության գործունեության տարբեր շերտերում՝ սկսած բակում, կրթական հաստատություններում և այլուր։ Եվ դիտարկել, որ կրթական հաստատություններում և բակում մարդիկ իրար հետ ագրեսիվ վերաբերմունք են ցույց տալիս, ապա բանակում է՛լ ավելի պետք է ցույց տան, դա այդպես չէ»։

Զարուհի Հովհաննիսյանն ընդգծում է, որ վերահսկողության պակաս կա, կամ այլ չգրված օրենքներ են գործում. - «Չեն գործում այն օրենքները, որոնք պետք է սահմանափակեն, կանոնակարգեն, վերահսկեն բոլոր միջանձնային հարաբերությունները, և հակառակը՝ չգրված օրենքներ են գործում, որոնք ազդում են հենց միջանձնային հարաբերությունների սրման վրա»։

Վերջերս Ազգային ժողովը ընդունեց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքը։

Քրեական օրենսգիրքը լրացվեց նոր հոդվածով, որով սահմանվեց, որ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով, իսկ նույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Նախկին կարգավորումներով ինքնասպանության հասցնելու հոդվածը, որը պատժվում է 3-5 տարվա ազատազրկմամբ, վերաբերում էր բոլոր դեպքերին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG