Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասավ 1113-ի, բուժվածներինը՝ 4740-ի


Չինաստան - Ուհանի հիվանդանոցում բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերում հերթական հիվանդին, 6-ը փետրվարի, 2020թ.
Չինաստան - Ուհանի հիվանդանոցում բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերում հերթական հիվանդին, 6-ը փետրվարի, 2020թ.

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում աճել է ևս 97-ով և հասել 1113-ի, վարակվածներինը՝ 44 հազար 653-ի, բուժվել է 4 հազար 740 մարդ, 8 հազար 204-ի վիճակը ծանր է։ Փետրվարի 11-ին ժամը 24։00-ի դրությամբ այս տվյալներն է հրապարակել երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեն։

Ըստ նույն աղբյուրի՝ ևս 185 հազար մարդ, ովքեր սերտ շփումների մեջ են եղել վարակվածների հետ, գտնվում են հսկողության տակ։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 45 հազար 100 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական անվանում է տվել նոր վիրուսին՝ COVID-19:

Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով Ժնևում անցկացվող համաժողովում ԱՀԿ ղեկավարը պետություններին հորդորել է միասին աշխատել բռնկումների առաջացման դեմ, ընդգծել է՝ վիրուսներն ունեն «ավելի հզոր հետևանքներ, քան ցանկացած ահաբեկչական գործողություն», ապա հավելել՝ այս վիրուսը «շատ լուրջ սպառնալիք է աշխարհի համար»:

Հիշեցնենք` նոր վարակի կապակցությամբ հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։

XS
SM
MD
LG