Մատչելիության հղումներ

Վարչապետը Վահագն Վերմիշյանի կողմից «կաշառք վերցնելն» անձնական վիրավորանք է համարում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կաշառք վերցնելով, անձնական վիրավորանք է հասցրել վարչապետին, Հայաստանի ժողովրդին ու թավշյա հեղափոխության արժեքներին, կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Նման վիրավորանք հասցրած անձը, անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության: Եթե Հայաստանի Հանրապետությունում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան նրանք կարող են պատկերացնել», - ասաց նա:

Փաշինյանը հավելեց. - «Իսկ եթե կան մարդիկ, որոնք կասկածում են անձամբ իմ՝ կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությանը, ապա կգնան այդ մարդկանց հետևից»։

Երեկ 5 դեպքով՝ խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2.5 միլիոն դրամի չափով, գումարի և ապրանքի տեսքով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։

Նա, ըստ Ազգային անվտանգության ծառայության, իրեն դիմածների օգտին գործողություններ է կատարել կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: Դրվագներից մեկով, ըստ պաշտոնական հաղորդագրության, Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վարչապետի կողմից շնորհվող «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչմանը ներկայացնելու համար մի սեփականատիրոջից 5000 ԱՄՆ դոլար և շուրջ 2.3 միլիոն դրամին համարժեք շինանյութ է վերցրել։ Թե ով է այդ գործարարը, չի հաղորդվում, բայց հայտնի է, որ այս գործի շրջանակներում ևս երկու ձերբակալված կա: Նրանց անունները նույնպես չեն հաղորդվում: Ըստ իրավապահների՝ Վերմիշյանը որպես կասկածյալ հարցաքննվելուց հետո խոստովանել է, որ հանցանք է գործել:

Մասնագիտությամբ ճարտարապետ, 55-ամյա Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել էր 2019-ի մարտին, նա մինչ այդ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականն է եղել, նախկինում էլ մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի Դաշնությունում։ Ըստ Media.am-ի՝ նրա կենսագրությանը վերաբերող հրապարակման՝ Վերմիշյանն ինքն իրեն ոչ հավաստի ձեռքբերումներ է վերագրել, իսկ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո: Վերմիշյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որին վերագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործություն: Մյուս երկուսն առողջապահության և կրթության նախկին փոխնախարարներն են, նրանք երկուսն էլ արդեն մեղադրյալ են:

Այն, որ գործող պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն դեպքեր են բացահայտվում, խոսում է իշխանությունների քաղաքական կամքի մասին, նկատում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը:

«Դրանով նաև ապացուցվում է, որ նախկին կոռումպացված պաշտոնյաների նկատմամբ հետապնդումները ոչ թե քաղաքական հետապնդումներ են, այլ հենց կոռուպցիոն գործարքների պատճառով հետապնդումներ են», - ասաց նա:

Այվազյանի գնահատմամբ՝ ցանկացած իշխանությունում կարող են կոռումպացված պաշոնյաներ լինել, դա մարդկային հատկանիշ է. - «Հեշտորեն պաշտոն զբաղեցնող մարդիկ կարող են գայթակղվել»:

Նախկինում Ճարտարապետների միությունը, այժմ Ճարտարապետների պալատը Վերմիշյանի աշխատանքի մասին ընդհանուր գնահատական չի ձևավորել, բայց նրա նշանակման ռեակցիան բացասական էր, ասում է պալատի նախագահի տեղակալ Բորիս Քոչարյանը. - «Պալատի հիմնադրումից հետո աշխատանքներ կային, որ կոմիտեն պարտավոր էր անել, այսինքն՝ օրենքի կիրարկումն ապահովող որոշակի կարգավորման փաստաթղթեր պետք է ընդունվեին: Այդ ամեն ինչը սկսեց դանդաղել, ծանրանալ, չգիտեմ այլ և այլ անհիմն պատճառաբանություններ, ու այդտեղից սկսեցին հակասությունները խորանալ»:

Պալատի համար անսպասելի էր Վերմիշյանին վերագրվող հանցագործության մասին ԱԱԾ հաղորդագրությունը. - «Դեպքն ինքն ամոթալի է մեզ համար և ցավալի է այնքանով, որ ոնց որ բոլորիս վրա այդ ստվերի նետվի, այդ առումով բավականին տհաճ է»:

XS
SM
MD
LG