Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը


Կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Արայիկ Հարությունյանի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է և միաժամանակ նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։

Լոռեցյանի վարորդն ու այդ տնտեսվարողը նույնպես բերման են ենթարկվել: ԱԱԾ-ն անուններ չի նշում, հայտարարության մեջ ասվում է՝ տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Նախկինում մարզական լրագրող աշխատած 25-ամյա Լոռեցյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախարարի տեղակալի պաշտոնն էլ ստանձնել է անցած տարվա հոկտեմբերին:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ըստ երևույթին, այդ դեպքին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսեց կոռուպցիայի մասին․ «Ասեմ, որ էդ նենց չի, որ իշխանությունը կոռուպցիայից զերծ է, որովհետև էսօր, օրինակ, չգիտեմ լուրը կա, թե չկա, բայց եթե չկա՝ կլինի, էսօր ևս մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի գործով բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել, նկատի ունեմ՝ էդ էլ կա, բայց էն, որ մենք 100 տոկոսով էդ երևույթների դեմ պայքարում ենք, այդտեղ չի կարող կասկած լինել»:

«Ազատության» հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ևս անդրադարձավ այս դեպքին՝ նշելով․ «Կա անմեղության կանխավարկած, ես այս մասին հիմա չեմ խոսի»:

Նախարարն ընդգծեց, եթե այս փաստը հաստատվի, իր համար դա «շատ ցավալի և տխուր երևույթ կլինի»:

Հարությունյանը նշեց, որ օրենքը ցանկացած ոլորտում գերակա է:

«Որևէ մեկը, մեր ամենահարազատ մարդն էլ, եթե ուրեմն փորձի գնա օրինազանցության, օրենք խախտի և կատարի հանցանք, անկախ դրա ծավալից, անի թայֆայաբազություն, առաջնորդվի իր ընտանեկան մտերմավարական չգիտեմ ինչ շահերով, մենք դա կանխելու ենք և արմատախիլ անելու», - ասաց ԿԳՄՍ նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG