Մատչելիության հղումներ

Անդրանիկ Քոչարյան. Հայրապետյանի ասածը հարված էր ոչ միայն ոստիկանությանը


ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան

Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, ոստիկանությունը իրեն վերապահված լիազորությունները չի իրականացնում և կաշկանդված է գործում, այն դեպքում, երբ երեկ բերման ենթարկված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, հենց ոստիկանության շենքի մոտ «հարված հասցրեց» ողջ համակարգին։

Հիշեցնենք, բերման ենթարկված, ապա ազատ արձակված Հայրապետյանը սպառնացել էր՝ մի օր էլ ինքն է պառկեցնելու ու ոտքերը մաքրելու նրանց վրա։

«Ոստիկանությունը էստեղ ունի հսկայական անելիք։ Ես չեմ հիշում, որ ոստիկանության պատերի տակ երևիցե որևէ մեկն իրեն թույլ տալ էդպիսի արտահայտություններ։ Չի եղել բոլոր ժամանակներում, ինչքան ես հիշում եմ, 90-ականներից մինչև հիմա», - ասաց Քոչարյանը։

«Ազատություն». – Դուք ասացիք՝ գործողություններ պետք է լինեն։ Ի՞նչ գործողություններ եք ենթադրում։

Քոչարյան. – Օրենքով սահմանված գործողությունները սպառված չեն։ Բայց ես չեմ տեսնում, որ ոստիկանությունը իրեն վերապահված լիազորությունները իրականացրել է, որովհետև հակառակ դեպքում նման արտահայտություններ և դրսևորում դժվար թե որևէ մեկը կարողանար հնչեցնել։

«Ազատություն». – Դուք կարծում եք, որ ոստիկանությունը հապաղո՞ւմ է, ճիշտ չի՞ գործում, ճիշտ չի՞ արձագանքում։

Քոչարյան. – Ես կարծում եմ, ոստիկանությունը պետք է գիտակցի, որ ինքը առաջին հերթին ուժային կառույց է, և երեկ ես նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր և փաստորեն ստացավ էնպիսի հարված... Էդ հարվածը միայն ոստիկանությանը չէր։ Դա նաև ընտրությունների արդյունքում քաղաքական լեգիտիմ ձևավորված իշխանությանը միտված թիրախային հարված էր, և դա, կարծում եմ, լավ մտածված էր։ Դուք չտեսա՞ք հավաքվածների ծափերը։ էնտեղ կային նախկին ընդդիմադիր դաշտի կարկառուն ներկայացուցիչներ, էնտեղ կային Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ։ Էդ ծափերը ինչի՞ն էին միտված, ոտքերը մաքրելո՞ւն... Էդ նույն հանրապետականները գիտակցո՞ւմ են էդ ծափերով ինչն են խրախուսում։

Մինչ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը օրենքով սահմանված գործողություններ է ակնկալում ոստիկանությունից, ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այսօր անդրադառնալով «ոտքերը իրենց վրա մաքրելու» և ոստիկանության գործողությունները «կապիկություն» որակելու Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին՝ ասաց, թե յուրաքանչյուր անօրինական գործողություն պետք է գնահատական ստանա։

Այդուհանդերձ, Մովսիսյանը չի կարող ասել, թե արդյոք Հայրապետյանի հայտարարություններում սպառնալիք կար. - «Ես չեմ կարող հիմա գնահատական տալ՝ սպառնալիք էր, թե սպառնալիք չէր։ Կարող է դա լինի զուտ էմոցիոնալ արտահայտում։ Բայց նման արտահայտությունը իհարկե ողջունելի չի ոչ մի անձի կողմից՝ անկախ անձերից»։

Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը պնդում է, թե Հայրապետյանը հարված է հասցրել անվտանգության համակարգին ու պետականությանը, ուստի ոստիկանությունն արդեն գիշերը պետք է արձագանքեր ստեղծված իրավիճակին և ուղղեր իր սխալը։

Քոչարյանը ցանկանում է հասկանալ, թե ինչու բերման ենթարկեցին Ռուբեն Հայրապետյանին, այնուհետեև ազատ արձակեցին. - «Ոստիկանության օպերատիվ ծառայություններն ինչի՞ համար են։ Այդ ամեն ճշտելու, նոր որոշումներ կայացնելու համար։ Եթե պետք է բերման ենթարկեն, և արդյունքում ոչ մի բան, և ստանանք ոտքերը ապագայում ոստիկանների վրա մաքրելու հայտարարություն, կներեք, էդ դեպքում ոստիկանությունը դասեր քաղե՞ց, թե՞ չէ։ Ես չգիտեմ»։

«Ազատությունը հարց ուղղեց Ոստիկանության պետի տեղակալին, թե ինչու է ոստիկանությունը վերջին շրջանում տարբեր անձանց զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման ենթարկում, ու հետո ազատ արձակում։ Արդյո՞ք այդ գործողությունները որոշակի անվստահություն չեն առաջացնում հանրության շրջանում։

Ըստ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանի, իրենք եթե ահազանգ են ստանում, ապա պետք է արձագանքեն. - «Օրենքով սահմանված ժամանակահատվածում եթե պարզվում է, որ չկա, կասկածյալը բաց է թողնվում»։

Անդրադառնալով բերման ենթարկելիս ոորոշ քաղաքացիներին «գետնին պառկեցնելու» պրակտիկային՝ Մովսիսյանն ասաց, թե ոստիկանությունը օրենքի սահամաներում է գործում. կան կոնկրետ չափորոշիչներ, թե որ դեպքում ուժի ինչպիսի կիրառում է նախատեսվում. - «Եթե չեն դիմադրում, մենք չենք պառկեցնում ասֆալտին»։

Հիշեցնենք, 16 տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարած, նախկին Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հանրությանը հայտնի բազմաթիվ աղմկահարույց պատմություններով։ Ամենաողբերգականը նրա թիկնապահների կողմից ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով մահվան հասցնելու դեպքն էր, որը բողոքի ցույցերի առիթ դարձավ։ Այդ ամենի հետո Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը՝ շարունակելով անդամակցել Հանրապետական կուսակցությանը։

XS
SM
MD
LG