Մատչելիության հղումներ

Լավ կլինի, որ Հայրապետյանը պատմի նախորդ ռեժիմի քաղաքական հետապնդումների մասին, ընդգծում է իրավապաշտպանը


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, արխիվ

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անհարկի է համարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարությունները, երբ հանրապետական նախկին պատգամավորը խոսեց 37 թվականից՝ ըստ էության պնդելով, թե իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«37 թվի մասին խոսելը անհարկի եմ համարում բացարձակապես, և եթե մենք հիշենք Ռուբեն Հայրապետյանի պահվածքը նախորդ ռեժիմի ժամանակ, էդ ավելի շատ նման է 37 թվին՝ էն խստությունները, էն կեցվածքը, որ կար, կամ վերաբերմունքը, որ դրսևորվում էր, ես չեմ ուզում հիմա հիշատակել, ավելի նման կլիներ 37 թվին», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Ալեքսանյանը։

Միաժամանակ, իրավապաշտպանը մի նկատառում հայտնեց՝ արդյո՞ք ոստիկանությունը հիմնավոր կասկած ուներ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելիս։ «Եվ հիմա որ նրան ազատ են արձակել, փաստորեն չուներ հիմնավոր կասկած, ու ես չեմ կարող ասել՝ դա ի՞նչ նպատակ էր հետապնդում՝ բերել ոստիկանություն», - նշեց Ալեքսանյանը՝ շարունակելով. - «Եվ նախորդ անգամ, երբ «Ադեկվադ»-ի կամ այն տղաներին էին էդպիսի, ասֆալտին փռելով, տարել, և այդ թմրանյութ, էլի ապօրինի զենք՝ և չկար, պարզվեց՝ ոչինչ չկար։ Եվ լավ կլինի, որ ոստիկանությունը բերման ենթարկելուց առաջ հիմնավոր կասկած ունենա և նոր մարդուն բերման ենթարկի՝ ուզում է դա Ռուբեն Հայրապետյանը լինի, ուզում է դա «Ադեկվադ»-ը լինի, ուզում է դա լինի մեր, չգիտեմ, ակտիվիստներից մեկը»։

«Ազատության» դիտարկմանը՝ «Հարսնաքար» ռեստորանում 2012 թվականի հունիսին երեք զինվորական բժիշկների դաժան ծեծից և նրանցից 33-ամյա Վահե Ավետյանի մահվանից շաբաթներ անց Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից ու այնուհետև հիշարժան քաղաքական գործունեությամբ չէր զբաղվում, իրավապաշտպանն արձագանքեց. - «Մենք պետք է հիշենք, որ ինքը եղել է քաղաքական, այսպես ասած, կիզակետում քաղաքականության, երբ որ Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկն էր, և նրանք էին որոշում քաղաքականությունը, հա՞, էդ օլիգարխիան։ Երևի դա է վերհիշել Ռուբեն Հայրապետյանը և դրա համար քաղաքական հետապնդումների մասին է խոսում։ Եվ լավ կլինի, որ պատմի նախորդ ռեժիմի քաղաքական հետապնդումների [մասին]՝ դրանք ավելի փաստարկված կլինեն»։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին երեքշաբթի օրը բերման էին ենթարկել ոստիկանություն ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով: Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայրապետյանը հայտարարեց, որ ապօրինի զենք իր մոտ չի հայտնաբերվել, և իրավապահների գործողությունները համեմատեց ստալինյան ռեպրեսիաների հետ։

Անցած տարեվերջին էլ ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել Հայրապետյանի առանձնատանը: Նրա պաշտոնավարման տարիներին ֆեդերացիայում չարաշահումների գործը հարուցված է 4 հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացում, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով:

XS
SM
MD
LG