Վերաքննիչ քրեական դատարանում քննության առարկա է դարձել երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:
Այսօր մինչ բուն քննության անցնելը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:
Ներկայացված հիմքերից մեկն այն էր, որ Դանիելյանը չի կարող այս գործով անաչառ որոշում կայացնել: Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորին հիշեցրին այն դատական նիստը, որի ժամանակ նա թույլ չի տվել ելույթ ունենալ Ռոբերտ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին. - «Արդեն իսկ դատավորը իր գործողություններով ցուցաբերել է իր հակակրանքը, թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքի խախտում, և այդ խախտումների այս պահի քննարկման փուլում չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտմանը վերաբերող գործի քննության ընթացքում»:
Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ այն որակելով հիմնազուրկ:
«Սա, նորից պետք է կրկնեմ՝ պատկերավոր ասած, սադրանք է դատարանին՝ «մենք Ձեզ կվիրավորենք, Դուք ինքնաբացարկ կհայտնեք», բայց դա արդարադատություն իրականացնելու ճանապարհ չէ», - նշեց Պետրոսյանը։
Հովհաննես Խուդոյանը Դանիելյանի կայացրած դատական ակտի մեջ ենթադրյալ կեղծիք է տեսնում, որն ինքնաբացարկի հաջորդ հիմքն էր: Կասկածներ ունի, որ Դանիելյանի դատական ակտի հեղինակ կամ համահեղինակ է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, ով ավելի վաղ քննել է Քոչարյանի խափանման միջոցի գործն ու նրան կալանավորելու որոշում կայացրել:
Հովհաննես Խուդոյանը «Դատալեքս»-ում փնտրել է Դանիելյանի ակտում հանդիպող «Հակառակ տեսակետի հետ չհամաձայնվելու իրավական հիմքեր առկա չեն» ոճային, ոչ թե իրավական արտահայտությունը ու պարզել՝ դատավոր Մխիթարյանն այդ արտահայտությունն օգտագործել է 9 դատական ակտերում, իսկ Արմեն Դանիելյանը՝ միայն 1-ում՝ Քոչարյանի գործով դատական ակտում:
«Քանի դեռ կասկածը փարատված չէ, հարգելի դատարան, որ Ձեր դատական ակտը հնարավոր է՝ գրվել է այլ դատավորի հետ համատեղ կամ այլ դատավորի կողմից, Դուք չեք կարող այս գործով որպես անաչառ դատարան ընկալվել», - նկատեց նա:
Խուդոյանը դատախազությանը հորդորեց իր հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և քննել այնպես, ինչպես քննության առարկա դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանի Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումներում վերաքննիչի դատավորներ Արշակ Վարդանյանի, Մխիթար Պապոյանի և Վազգեն Ռշտունու ենթադրյալ մասնակցության հարցը:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը սա «վերացականության չափազանց բարձր աստիճան ունեցող» հայտարարություն որակեց. - «Բոլորս գիտենք, որ դատարաններն օգտագործում են թե՛ Վճռաբեկում դատարանի, թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ Եվրոպական դատարանում, թե գործընկեր դատավորների կողմից կայացված որոշումներն ու ձևակերպումները»:
Փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի հիմք դիտարկեց փաստը, որ դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով դիմել է Արդարադատության նախարարությանը, սակայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, և այս որոշումն այժմ վիճարկվում է վարչական դատարանում:
«Փաստացի այս փուլում մենք առնվազն անուղղակիորեն գտնվում ենք կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ վեճի մեջ», - նկատեց Վարդևանյանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց նաև այս հիմքի դեմ. - «Վիճարկվում են Արդարադատության նախարարության գործողությունները, ոչ թե վիճարկվում են՝ կան կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր, թե ոչ»:
Ինքնաբացարկի հաջորդ հիմքը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցի այն հատվածն է, որտեղ վերջինս ասել է․ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»:
Սա պաշտպանական կողմը դիտարկում է որպես վկայություն, որ դատավոր Դանիելյանը իշխանության համար ցանկալի անձ է․ - «Դատական իշխանությունն ապահովելուն կոչված մարմնի նախագահը Արմեն Դանիելյանին բնորոշում է իբրև իշխանությունների համար ցանկալի անձ՝ այսպիսով հարցականի տակ դնելով վերջինիս անաչառությունն ու անկախությունը ոչ միայն սույն քրեական գործով, այլև առհասարակ»:
Դատախազն այս մասով ևս առարկեց, ծանոթ չէ մեջբերմանը, բայց վստահ է՝ կոնտեքստից կտրված է։ ԲԴԽ նախագահը պատասխանել է «Փաստինֆո» լրատվականի դիտարկմանը, թե այն բանից հետո, երբ սկսել են մերժել Քոչարյանի փաստաբանների միջնորդությունները՝ կապված վերջինիս խափանման միջոցի փոփոխման հետ, դատարանների նկատմամբ թիրախավորումները նվազել են։ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է՝ չի կարծում, թե թիրախավորումը նվազել է. - «Մենք նույն հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության կողմից, այնպես էլ ընդդիմադիրների կողմից։ Դատական իշխանությունն այսօր իրականում անկախ է։ Մեզ այսօր քննադատում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Քանի որ այդ գործը նշեցիք, ես այդ գործի շրջանակներում կխոսեմ, բայց նման օրինակները բազմաթիվ են։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում։ Դատավորներն ունեն իրենց կարծիքը, իրենց իրավագիտակցությունը և յուրաքանչյուր դատավոր իր ձևով է մեկնաբանում այս գործի հետ կապված որոշակի հանգամանքներ»:
Բարձրագույն դատական խորհրդից դեռևս չեն արձագանքել Վարդազարյանի հայտարարությունը Դանիելյանի ինքնաբացարկի միջնորդության հիմք դառնալու փաստին:
«Ես հիմա չեմ ցանկանա մեկնաբանել այդ արտահայտությունը, որովհետև ԲԴԽ նախագահը կարող է այլ մեկնաբանություն ունենալ, կարող եք դիմել, ինքը փորձի մեկնաբանել», - ասաց Խուդոյանը:
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, սակայն քննիչը մերժել էր: Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկում է դատարանի հենց այս որոշումը, մեղադրող կողմը դեմ գործի նյութերի տրամադրմանը՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիքին:
«Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում համապատասխան մեղադրյալների նկատմամբ քրեական գործն անջատելու, և դա վարույթն իրականացնող մարմնի բացառիկ լիազորությունն է, և այդ լիազորությունն իրականացնելով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել, անջատվել են գործի նյութերը և տրամադրվել պաշտպանության կողմին, իսկ այն քրեական գործը, որը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, ունի գաղտնիության ռեժիմ և հետևաբար չի կարող տրամադրվել պաշտպանության կողմին: Դրանով կարող են վնասվել այլ անձանց իրավունքները ևս: Դրանով ներգրավված են բազմաթիվ տուժողներ, տուժողի ներկայացուցիչներ, իրավահաջորդներ, և քննվում են քրեական գործով բազմաթիվ դրվագներ՝ այդ դեպքերի, իրադարձությունների հետ կապված, որոնք այս փուլում հրապարակման ենթակա չեն», - ասաց Պետրոս Պետրոսյանը:
«Բայց այդ ամեն ինչն առանձնացվել է, ընդ որում ընտրողաբար, օրինակ՝ 2008 թվականից դրված է մի ոստիկանի ցուցմունք, դրված չէ երկրորդ ոստիկանի ցուցմունքը նույն բանի մասին», - հավելեց Խուդոյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Արման Դանիելյանն իր ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 3-ին: