Մատչելիության հղումներ

Իսրայելի նախագահի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Այսօր առավոտյան իր նախագահական նստավայրում Հայաստանի նախագահին ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն, ով արդեն հունվարի 22-ին մեկ անգամ ողջունել էր Սարգսյանին: Իսրայելի նախագահի մամուլի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ հունվարի 21-27-ին նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու ժամանած 27 պետության ղեկավարների հետ է նա հանդիպելու:

Մինչ հանդիպումը Արմեն Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ բարձրաձայնելու է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցը. - «Որովհետև ինձ համար որևէ տրամաբանություն չկա, որևէ բարոյական բացատրություն չկա, թե ինչու Հայաստանի պետության կողմից ամենաբարձր հարգանք ցույց տալով Հոլոքոստին, որն անհրաժեշտություն է, որովհետև դա ոչ միայն Հայաստանի պետության հետ է կապված, այլ ընդհանրապես մարդկության պատմության 20-րդ դարի ամենաողբերգական էջերից մեկն է: Եվ մենք՝ մի ջողովուրդ, որ ինքն է անցել նմանատիպ դժոխքով, չի կարող չճանաչել ու չընդունել Հոլոքոստը: Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Իսրայելի պետությունը, մի կողմ դնելով զանազան քաղաքական շահերն ու ֆինանսական հետաքրքրությունները, որպես սկզբունք Հայոց ցեղասպանության ճանաչման ընդունի զուտ մարդկայինը, համամարդկայինը, և այն ամենակարևորը, որ մեզ երկուսիս կապում է, երկուսս էլ մեծ ողբերգությունով անցնելուց հետո ամենաբարձր ձայնը կարող ենք բարձրացնել աշխարհում, որ նմանատիպ դեպքեր, նմանատիպ ծրագրեր, նմանատիպ դժբախտություններ այլևս երբեք պետք է տեղի չունենան մարդկության պատմության ընթացքում», - ասաց Սարգսյանը:

Քիչ ավելի ուշ նախագահ Սարգսյանի աշխատակազմից հայտնեցին, որ վերոնշյալ հանդիպմանը անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի քաղաքական նպատակահարմարություններով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ են, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և երբևէ չկրկնվեն։

Ինչ վերաբերում է համագործակցության հեռանկարներին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ապագան նորագույն տեխնոլոգիաներն են։ Նա վստահություն է հայտնել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել այս ոլորտում, և իր նպատակն է սերտ կապեր հաստատել Իսրայելի տեխնիկական համալսարանների հետ:

Հիշեցնենք, որ «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիթականության» խորագրով համաժողովին, որն անցկացվեց հունվարի 23-ին Երուսաղեմի Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում, մասնակցեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը, Գերմանիայի, Իտալիայի և Ավստրիայի նախագահները: Համաժողովը նվիրված էր «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին, հիմնական ուղերձը ներկայումս հակասեմիթականության ժխտումն էր: Հայաստանը նախագահի մակարդակով առաջին անգամն էր մասնակցում նմանատիպ համաժողովին:

«Ազատությունը» նախագահ Սարգսյանի հետ զրուցել է ունեցած կարևոր հանդիպումների շուրջ ևս. - «Նախ և առաջ բնական է, որ ես հանդիպեցի արարողություններին ներկա նախագահներին: Շատերն արդեն բարեկամներ են, շատերն իմ հին ընկերներն են», - ասաց նա:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկու օր առաջ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար այցելելուց հետո հանդիպել էր նաևՊաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն էր հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար, փոխանցում է նախագահի մամլո ծառայությունը:

Արմեն Սարգսյանը պատմական որակեց Հոլոքոստի 75-ամյակին նվիրված այս համաժողովի անցկացումն ու կարծում է, որ անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության ներկայացված լինելն, ու նաև ժամանակն է, որ Հայոց Ցեղասպանությունն Իսրայելը ճանաչի որպես Գենոցիդ:

«Հոլոքոսթի 75-ամյակի առիթով պատմական հուշագիրք է տպվել, որտեղ բոլոր մասնակից նախագահները մեկ էջում ներկայացրել են իրենց խոսքը: Իմ խոսքը հստակ ասում է և Հոլոքոսթի մասին, և Հայոց մեծ եղեռնի մասին` Գենոցիդի մասին», - նկատեց նա:

Խոսելով առաջին օրն Իսրայելի Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի հետ հանդիպման մասին` Սարգսյանը հավելեց. - «Շատ բարեկամական, երկար զրույց ունեցանք, քննեցին տարբեր հնարավորությունները համագործակցության, բայց նաև հստակ զրույց եղավ Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ»:

Այսօր կեսօրից հետո նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Հայֆա, որտեղ Հայֆայի համալսարանում դասախոսություն կարդաց «Աշխարհաքաղաքականությունը արհեստական ինտելեկտի դարաշրջանում» թեմայով, որից հետո պատասխանեց ուսանողների հարցերին:

Երեկ երեկոյան էլ հայկական պատվիրակությունն այցելել էր Սուրբ Հարության տաճար, որի մուտքի մոտ նրան դիմավորել էին տաճարի հայ, լատին և հույն տեսուչները: Հայաստանի հյուրերին ուղեկցում էր Հայոց Պատրիարքարանի Լուսարարապետ գերաշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Նրանք այցելեցին նաև Սրբոց Հակոբյանց մայրավանք, Գյուլբենկյան գրադարան ու Թարգմանչաց վարժարան, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ու երեկոյան մասնակցեցին նրանց պատվին Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի կազմակերպած ընդունելությանն ու ճաշկերույթին, որին մասնակցեցին քրիստոնեական տարբեր պատրիարքությունների ներկայացուցիչներ ու հայկական համայնքի ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուխտավորներ:

15 ուխտավոր էր ժամանել Հայաստանից, ու մեկ շաբաթ է, ինչ ծանոթանում էին Սուրբ Երկրի հետ: Ամերիկյան համալսարանի ուսանողուհի Անուշ Գրիգորյանն առաջին անգամ էր Երուսաղեմում. - «Շատ ուրախալի է, որովհետև քո երկրորդ հայրենիքը լինի, որտեղ գնում ես, ամեն երկրորդ մարդը հայ է, և քեզ զգում ես, ինչպես քո հայրենիքում, և շատ հաճելի է դա»:

Սուրբ Հարության տաճարում Հայաստանի նախագահին էր հանդիպել. - «Այո, իրականում շատ հաճելի է, որովհետև դժվար Հայաստանում այսպիսի հնարավորություն լիներ հանդիպելու Հայաստանի նախագահին, այստեղ շատ անսպասելի էր ու ուրախալի»:

Ուխտավորներից մեկը՝ Սամվելը, շատ բազմապիսի տպավորություններ էր ստացել Հայկական Երուսաղեմից, որտեղ անցնում է մեր Հայրենիքի հոգևոր սահմանը, որը պահվում է Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության կողմից, ու նրանք յուրահատուկ սահմանապահներ են, որոնք պաշտպանում են մեր հոգևոր արժեքներն ու իրավունքները: Անակնկալ էր իր համար Երուսաղեմում մեր երկրի նախագահին հանդիպելը. - «Անակնկալ էր իրոք ՀՀ նախագահին այստեղ հանդիպելը: Կարծում եմ, որ դա կարևոր այց է նախագահի և Հայաստանի ղեկավարության, որովհետև այդ կապերը պետք է ավելի սերտանան, ըստ իս` շատ կարևոր են դրանք հայապահպանության, մեր հոգևոր ժառանգության պահպանման համար, և այդ կապերի սերտացումը միայն կարող է ծառայել ի նպաստ հայ ժողովրդի բարգավաճման»:

Այսօր ավարտվեց Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը, ու նախագահի գլխավորած պատվիրակությունը երեկոյան կվերադառնա Հայաստան: Նախագահին ուղեկցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, Իսրայել պետության Հայաստանում պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը, Հայաստանի նախագահի գրասենյակի ու Արտգործնախարարության պաշտոնյաներ:

XS
SM
MD
LG