ԱՄՆ Սենատում շարունակվում է նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը:
Ներկայացուցիչների տունը 2019-ի դեկտեմբերի 18-ին է իմփիչմենթի ենթարկել Թրամփին: Դեմոկրատները նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու մեջ:
Թրամփը մեղադրանքը կեղծ է անվանում և պնդում է, որ անմեղ է:
Դեմոկրատների համոզմամբ՝ Թրամփը 2019-ի ամռանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ճնշում է բանեցրել և փորձել է կորզել նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրություններում հավանական մրցակից Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ:
Երեկ ելույթ ունենալով Սենատում, մեղադրող կողմի գործողությունները համակարգող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, որ եթե Սենատը պաշտոնանկ չանի նախագահին՝ ապագայում նախագահները կշարունակեն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործելակերպը:
Առաջիկայում Սենատում պաշտպանական կողմը կներկայացնի իր փաստարկները:
Վերլուծաբանների համոզմամբ՝ Թրամփը պաշտոնանկ չի արվի, քանի որ հանրապետականները Սենատում մեծամասնություն ունեն: