Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Պաշտպանի համապատասխան միջնորդությունը դատարանը բավարարել է նախօրեին։
Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը երկու ամսով երկարացրել էր Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը։ Իր հորեղբայր, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև ժամանակին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը համարվող Գագիկ Խաչատրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել էր 2019 թվականի օգոստոսի 27-ին։ Նույն օրն առավոտյան խուզարկություններ էին կատարվել նրանց պատկանող տարածքներում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել։